Նոյեմբերի 29-ին Թբիլիսիի քաղաքային դատարանում նշանակված է Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նոյեմբերի 7-ի գործով հերթական դատական նիստը։ Այն ընթանում է ժամը 11:00-ից: Վրաստանի Քրեակատարողական ծառայության հայտարարությամբ, Սաակաշվիլին ևս մասնակցում է նիստին:
Իրավիճակը քաղաքային դատարանի մոտ լարված է: Առավոտից տեղում մոբիլիզացված են ՆԳՆ ներկայացուցիչներ, հատուկջոկատայիններ: Սաակաշվիլիի աջակիցները հավաքվել են բողոքի ցույցի: Տեղում հավաքվածները դիմադրել են իրավապահ մարմիններին, ինչի հետևանքով նրանց դեմ «պղպեղի սփրեյ» է կիրառվել: Կան վիրավորներ, նաև բերման ենթարկվածներ, չնայած՝ այս պահի դրությամբ նրանց թվի մասին կոնկրետ տեղեկություն չկա:
Տեղի ունեցածի հետ կապված հայտարարություն է տարածել Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը: Գերատեսչությունը զգուշացնում է ցույցի կազմակերպիչներին, այդ թվում՝ քաղաքական առաջնորդներին, ցույցին բռնի տեսք չտալ ու ապահովել խաղաղ միջավայր՝ դատական գործընթացի համար:
Դատական գործընթացին Սաակաշվիլիի ներկայության հետ կապված հայտարարություն է արել Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը: Նա ողջունել է, որ Սաակաշվիլին առաջին անգամ մասնակցում է դատական նիստին:
Սաակաշվիլին մեղադրվում է 2007 թվականի նոյեմբերի 7-ին ցուցարարներին զանգվածային ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերություն ներխուժելու և Բադրի Պատարկացիշվիլիի ունեցվածքի հանցավոր զավթման մեջ։