Ումն է տարածաշրջանում թվային հաբի դերը և ով է տերը

Լուսանկարը՝ BlackSeaCable

Վրաստանն առաջիկա տարիներին տարածաշրջանում թվային հաբի դերը հնարավոր է զիջի Ադրբեջանին: Այդ պրոցեսին էականորեն նպաստել է այս տարվա մարտին վրացական «Caucasus Online» ինտերնետ մատակարարի 100% բաժնեմասի օտարումը ադրբեջանական «Azertelecom»-ին: Ադրբեջանը հավակնություններ ունի տարածաշրջանային թվային կենտրոն դառնալու` Լոնդոնի, Մոսկվայի, Ամստերդամի և Դուբայի կողքին ավելացնելով Բաքուն աշխարհի ինտերնետ քարտեզի վրա: Վրաստանի` այս ոլորտում առաջատար դերի կորուստը մտահոգությունների տեղիք է տալիս թե Վրաստանում, թե Հայաստանում, քանի որ «Caucasus Online»-ն ապահովում է այս երկրների ինտերնետի գերակշիռ մասը` Վրաստանում 65%-ը, իսկ Հայաստանում՝ 85%-ը:

Caucasus Online-ի թվային ցանցը

Վրաստանի փոքր և միջին հեռահաղորդակցության օպերատորների ասոցիացիայի ղեկավար Ուչա Սեթուրին «Ալիք մեդիայի» հետ զրույցում փաստում է, որ «Caucasus Online»-ի ձեռքբերմամբ Ադրբեջանն ուզում է թվային հաբի «challenge»-ն իր տարածք տեղափոխել:

«Ես չեմ կարծում, թե օտար ներդրողին վրացական ընկերություն վաճառելը երկրի վերջն է, սակայն կան ենթակառուցվածքներ, որոնց հետ կապված՝ հաշվի առնելով երկրի աշխարհագրական դիրքն ու տարածաշրջանային թվային հաբի դեր ունենալու «պրետենզիան», շատ զգույշ պետք է լինենք, որովհետև Վրաստանը կարող է տուժել և՛ ֆինանսապես, և՛ անվտանգային առումով», — ասում է Սեթուրին՝ հավելելով, որ կոմունիկացիաները սեփականաշնորհելու Ադրբեջանի ցանկությունների հիմքերից մեկն էլ Կենտրոնական Ասիան Եվրոպային կապող օղակը դառնալն է:

Caucasus Online-ի մալուխի անցկացումը Սև ծովում

Վրաստանի հնարավոր կորուստների մասին դեռևս 2019 թվականին, երբ «Caucasus Online» ընկերության հավանական վաճառքի մասին տեղեկություններ տարածվեցին, ընկերության այն ժամանակվա տնօրենն ասեց, որ Վրաստանի համար անվտանգության երաշխիք է եվրոպական ենթակառուցվածքների հետ անկախ կապը, որպեսզի հարևան երկրները (խմբ. նկատի ունի ՌԴ և Ադրբեջան) չկարողանան մուտք գործել Վրաստանի տեղեկատվական տարածք և ձեռք բերեն տեղեկություններ: Այդ հայտարարությունից որոշ ժամանակ անց ընկերության տնօրենը փոխվեց:

«Երբ Վրաստանն իր աշխարհաքաղաքական կամ ամենատարբեր պայմաններով պետք է գլխավոր խաղացող լիներ ոչ միայն Կովկասում, այլև Մերձավոր Արևելքում, նա կորցնում է ամեն ինչ։ Կառավարությունը մենակ ասում է՝ մենք ուզում ենք հաբ լինել, բայց այդ ուղղությամբ ոչինչ չի արվում։ Եթե ​​այսպես շարունակվի, ապա Վրաստանը հաբ չի լինի, և ողջ միջանցքի հսկողությունը կստանա Բաքուն», — այս մասին կիբեռանվտանգության ոլորտի մասնագետ, եվրոպական «NewTelco» տվյալների կենտրոնի վրաստանյան գրասենյակի ղեկավար Գիորգի Գոթոշիան 2020-ի օգոստոսին ասել է DalmaNews-ին տված հարցազրույցում:

«Caucasus Online» ընկերությունից Վրաստանի՝ թվային հաբի դերը կորցնելու վերաբերյալ հայտարարել էին, որ «Caucasus Online»-ն իր սեփական ենթակառուցվածքով՝ սևծովյան օպտիկամանրաթելային մալուխով, առանձին է միացված Եվրոպայի ինտերնետ փոխանակման կետերին (IXP): Նշել են, որ մալուխի օգտագործման հեռանկարն ունի մեծ ներուժ: Ընկերությունն ամեն կերպ փորձել էր հերքել, բայց և այնուամենայնիվ, այսօրվա դրությամբ ընկերությունը վաճառված է ադրբեջանցի գործարարին:

Գոթոշիան նշել է, որ կարևոր է, թե ով է կանգնած այդ ընկերության հետևում, ինչ իրավիճակ է այդ երկրում՝ բիզնեսի ոլորտում: Մասնագետն ասում էր, թե իր համար  իդեալական կլիներ, որ այս ենթակառուցվածքը պատկանի արևմտյան ընկերության, որի բոլոր գործողությունները թափանցիկ կլինեն: Այնուամենայնիվ, 2019 թվականին ադրբեջանական «Neqsol Holding» ընկերությունը վրաց գործարար Խվիչա Մաքացարիայից ձեռք բերեց բաժնետոմսերի 49%-ը: «Neqsol»-ի այն ժամանակվա հայտարարությունների համաձայն՝ գործարքը կազմել է 61 մլն դոլար։ Իսկ 2021 թվականի մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Մաքացարիան իր սեփականության մեջ մնացած բաժնեմասը ևս վաճառել է «Neqsol Holding»-ին: Գործարքի արդյունքում «Caucasus Online»-ի 100% սեփականատեր է դարձել Նասիբ Հասանովը:

Քանի որ «Caucasus Online»-ը էլեկտրոնային և թվային ծառայություններ է մատուցում, բաժնետոմսերի օտարման մասին պետք է ծանուցեր Կապի ազգային հանձնաժողովին։ Ընկերությունը պարտավոր էր դա անել Վրաստանի «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքով։ Հաշվի առնելով այն փաստը, որ ընկերությունը վաճառել է բաժնետոմսերն առանց թույլտվության, Վրաստանի կապի ազգային հանձնաժողովը 2019 թվականին այս գործարքն անօրինական է ճանաչել։ Ընկերությանը հանձնարարվել է բաժնետոմսերը վերադարձնել նախնական վիճակին և հանձնաժողովին ներկայացնել հիմնավոր փաստաթղթերը։

«Հանձնաժողովի նիստում շատ սխալ բանի վերաբերյալ են բողոքարկումներ հնչում։ Բոլորը լավ գիտեն, որ Եվրոպայից եկող անկախ մալուխը միակն է Վրաստանում: Ադրբեջանն ու Թուրքիան միշտ հանդես են գալիս որպես մեկ պետություն, երկուսն էլ ունեն նույն նպատակը, նրանք ուզում են, որ բոլոր ուղիները լինեն Թուրքիայինն ու Ադրբեջանինը, և այն դեպքում երբ մենք (Վրաստանը) երկու կողմից արգելափակվենք, ի՞նչ ենք անելու»,- ասել է «NewTelco» տվյալների կենտրոնի վրաստանյան գրասենյակի ղեկավար Գիորգի Գոթոշիան:

Ուչա Սեթուրի, լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Վրաստանի փոքր և միջին հեռահաղորդակցության օպերատորների ասոցիացիայի ղեկավար Ուչա Սեթուրին էլ նշում է. «Այն դեպքում, եթե «Caucasus Online»-ը մի օր որոշի դադարեցնել ինտերնետի մատակարարումը, մենք ունենք օրենք, որը կարգավորում է այս կանոնակարգերը: Կարևոր չէ, թե որ երկրի քաղաքացի կլինի «Caucasus Online»-ի սեփականատերը, եթե այդ ընկերությունը գործում է Վրաստանում, ապա ենթարկվում է մեր օրենսդրությանը»:

 

Սեթուրին նշում է, որ հաշվի առնելով նաև Վրաստանի օրենսդրության նոր փոփոխությունները, այդ թվում «Տեղեկատվության անվտանգության վերաբերյալ» նոր օրենքը, կարելի է փաստել, որ պետությունը առավելագույնս փորձում է վերահսկել իր օրենսդրության ազդեցության տարածքում գտնվող բոլոր օպերատորներին: Իսկ Կարգավորող հանձնաժողովն էլ իր հերթին, ըստ Սեթուրիի՝ ելնելով ծառացած մարտահրավերներից, կընդլայնի իր գործունեության շրջանակը:

Մտահոգ են նաև Հայաստանում

Հաշվի առնելով այն փաստը, որ «Caucasus Online»-ն է մատակարարում Հայաստանի ինտերնետի 85%-ը՝ ընկերության օտարման հետ կապված մտահոգ են նաև Հայաստանում: Հայաստանյան փորձագիտական շրջանակներում խոսվում է, որ «Caucasus Online»-ի բաժնետոմսերի ձեռքբերումը թույլ կտա Ադրբեջանին արագացնել Եվրոպան Ասիային կապող հեռահաղորդակցության տարանցման նախագծի աշխատանքը: 

Մեդիափորձագետ, Հայաստանում կիբեր-անվտանգության հետ կապված միջադեպերի աջակցության թիմի՝ «CyberHub-AM» համահիմնադիր Արթուր Պապյանն «Ալիք մեդիայի» հետ զրույցում նշում է, որ անցած տարվա պատերազմի օրերին եղել են որոշ խափանումներ, թեև դա կապված չի եղել «Caucasus Online»-ի աշխատանքի հետ: 

Արթուր Պապյան, լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

 

«Հայաստանի օպերատորները ռեզեռվային ուղիներ, կապեր ունեն, թեև բոլորը հիմնականում օգտվում են «Caucasus Online»-ից, որովհետև պայմաններն ավելի ձեռնտու են: Սակայն, երբ ինչ-որ խափանում է լինում, կարողանում են այդ չօգտագործվող հզորություններով կապ ապահովեն», — ասում է Պապյանը:

Ըստ Արթուր Պապյանի, «Caucasus Online»-ի անցումն ադրբեջանցի գործարարին՝ Հայաստանի համար որոշ չափով անվտանգային խնդիր է և այստեղ պետք է գործի դնել ամբողջ գործիքակազմը՝ հարցին լուծում տալու համար:

«Օպերատորները, ոլորտի մասնագետները, պետական մարմինները պարբերաբար այս թեմայով խոսում են, քննարկում, սակայն լուծում դեռևս չի գտնվում, քանի որ  գործ ունենք խոշոր ներդրումների հետ: Սակայն երբ հարցը վերաբերում է պետական անվտանգությանը, պետությունը պետք է գտնի որևէ միջազգային օպերատորի, որն էլ հարմար պայմաններով մեծածախ ենթակառուցվածք կկառուցի կամ հենց ինքը՝ պետությունը ներդրումներ կանի», — «Ալիք մեդիային» ասում է Պապյանը:

Ասիան Եվրոպային կապող օղակ

Ասիան Եվրոպային կապող թվային հեռահաղորդակցության միջանցքի շրջանակներում Ղազախստանն ու Ադրբեջանը ձգտում են հասնել գերարագ և անվտանգ տվյալների փոխանցման ենթակառուցվածքի զարգացման ավելի բարձր մակարդակի, միանալ Եվրոպայի և Ասիայի միջև մի շարք առաջատար մայրուղիներին: Շինարարական նախագծի մեկնարկի արարողությունը տեղի է ունեցել 2019-ի նոյեմբերին, Ղազախստանի Ակտաու քաղաքում, որին մասնակցել են Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը և Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը, հայտնում են ղազախական լրատվամիջոցները։ Նախագծի մեկնարկին նշվել է նաև, որ մալուխը շահագործման կհանձնվի արդեն 2021 թվականի ավարտին:

Ղազախստանի ու Ադրբեջանի վարչապետերի հանդիպումը, նոյեմբեր 2019: Լուսանկարը՝ CaspianNews

Ասիան Եվրոպային կապող թվային հեռահաղորդակցության միջանցքն ամբողջական դառնալու համար կարևոր դեր ունի Վրաստանի տարածքը, և փաստորեն, «Caucasus Online»-ի ձեռքբերմամբ ադրբեջանական կողմը կարողանում է անխափան՝ Սև ծովով դուրս գալ դեպի Եվրոպա: «Neqsol Holding»-ը ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է, որ «Caucasus Online»-ի ձեռքբերումը 2018 թվականին մեկնարկած միջազգային մեգանախագծի մի մասն է, որը հայտնի է Թվային մետաքսի ճանապարհ անունով (Digital Silk Way):

Ադրբեջանական «Neqsol Holding» ու նրա սեփականատեր Նասիբ Հասանովը

«Neqsol Holding»-ը Նասիբ Հասանովը հիմնադրել է 1990-ականների սկզբին։ Հոլդինգի կազմում են «Nobel Oil Services Limited»-ը, «Nobel Oil E&P Limited»-ը, «Vodafone Ուկրաինան», «Bakcell» ԱՊԸ-ն և «Norm OJSC»-ն։ Գործունեության ոլորտներն են՝ նավթի և գազի արտահանում, հեռահաղորդակցություն, բարձր տեխնոլոգիաներ և շինարարություն։

«Neqsol Holding»-ին է պատկանում Ադրբեջանի ամենամեծ բջջային օպերատորներից մեկի` BakCell-ի 100% բաժնեմասը: Ընկերությունն Ադրբեջանում ունի ավելի քան 3 միլիոն բաժանորդ: Շատ ավելի մեծ է «Neqsol Holding»-ի մեկ այլ հեռահաղորդակցական՝ 2019-ին ձեռք բերած «Vodafone Ukraina»-ի ակտիվի ծավալը:

Ուկրաինական NV բիզնես հրատարակությունը մեջբերում է ադրբեջանցի հետաքննող լրագրողի խոսքերը, ըստ որի, Նասիբ Հասանովն Ադրբեջանում համարվում է Իլհամ Ալիևի անվտանգության ծառայության ղեկավար Բեյլար Այուբովի կողմից վերահսկվող գործիչ։

««Neqsol Holding»-ի վերջնական շահառուն իշխող ընտանիքն է (Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը)»,- ասում է Բաքվից հետաքննող լրագրող Հաֆիզ Բաբալին։