Այսօր Վրաստանի մի քանի մունիցիպալիտետների սակրեբուլոներ քննարկում են 2022 թվականի բյուջեի նախագիծը։ Ընդդիմադիր պատգամավորների կարծիքով՝ «Վրացական երազանքը» փորձում է եկող տարվա բյուջեն օրենքի խախտմամբ ստանալ՝ նորընտիր սակրեբուլոյի փոխարեն այն հաստատելով նախկին սակրեբուլոյի կազմով, որտեղ իշխող թիմը մեծամասնություն ունի։
Այս ամենին դեմ է ընդդիմադիր «Միացյալ Ազգային շարժում» կուսակցությունը, ինչի պատճառով բոյկոտել է նիստը և բողոքի ակցիաներ հրահրել Բաթումիում և Զուգդիդիում։
Բաթումիի Գերագույն խորհրդի ընդդիմադիր պատգամավորները և «Ազգային շարժման» անդամները բողոքում են սակրեբուլոյի այսօրվա նիստում հին սակրեբուլոյի կողմից քաղաքային նոր բյուջեի հաստատման դեմ։
Ոստիկանությունը արգելել է Գերագույն խորհրդի ընդդիմադիր անդամների մուտքը և՛ նիստերի դահլիճ, և՛ աշխատասենյակ:
Ըստ ցուցարարների՝ մինչ այժմ բերման է ենթարկվել 3 մարդ, այդ թվում՝ Բաթումիի քաղաքապետի անկախ թեկնածուներից Գիա Խալվաշին։
Տեղում է Աջարիայի պարեկային ոստիկանության պետ Դավիթ Մագրաձեն։
Նիստերի դահլիճից հեռացված պատգամավորները կոշտ գնահատականներ են անում, մասնավորապես՝ «Միլիցիան ու Գայը անհետացել են մեր փողոցներից», «Սա թագավորական ոստիկանությունն է», «Շնորհավորում եմ Սովետական Բաթումի վերադարձի կապակցությամբ»։
Ներքին գործերի նախարարությունից ձերբակալվածների թվի մասին դեռ չեն հայտնել, հայտարարել են, թե տեղեկատվություն կհայտնեն ավելի ուշ։
Բաթումիի հին գումարման քաղաքային խորհուրդն այսօր բյուջեի քննարկմանը զուգահեռ օրակարգ է բերել սեփական աշխատավարձերի բարձրացման հարցը։
Միևնույն ժամանակ բողոքի ակցիաներ են նաև Զուգդիդիի սակրեբուլոյի առաջ։
Այստեղ ևս ընդդիմությունը բողոքում է քաղաքապետարանի 2022 թվականի բյուջեի նախագծի հաստատման դեմ։
Ոստիկանները տեղում բերման են ենթարկել 2 հոգու։ Ըստ «Միացյալ ազգային շարժման» անդամ Անի Ցիտլիձեի՝ ձերբակալվածներից մեկը քաղխորհրդի նորընտիր անդամ Դավիթ Պիպիան է։
Միաժամանակ շենքի ներսում քվեարկվում է բյուջեի նախագիծը, որից քիչ առաջ ոստիկանությունը դուրս է բերել ընդդիմության ներկայացուցիչներին։
Ոստիկանությունը մոբիլիզացված է Զուգդիդիի շրջանային վարչակազմի շենքի ներսում և դրսում։
Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր