Նոյեմբերի 26-ին Ախալքալաքի շրջանի 4 գյուղերի բնակիչներ պատվաստվեցին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութով՝ Օկամի գյուղում ընթացող «Պատվաստվում ենք միմյանց համար» խորագրով համընդհանուր պատվաստման քարոզարշավի շրջանակներում:
Գյուղը չունի ամբուլատորիա, այդ իսկ պատճառով պատվաստման գործընթացն ընթանում է գյուղապետարանի շենքում, պատվաստվում են նաև հարևան 4 գյուղերի բնակիչները։ Պատվաստման գործընթացը սկսվել է ժամը 11-ից, արդեն ավելի քան 15 մարդ է պատվաստվել 1-ին չափաբաժնով։
Պատվաստվող անձանց համար տեղեկատվական հանդիպում են անցկացրել Թբիլիսիից ժամանած բժիշկները, տեղում է նաև Թբիլիսիի Հանրապետական հիվանդանոցից պատվաստման շարժական խումբը, որոնք էլ գյուղի բնակիչներին պատվաստում են։
Ներկա են 4 գյուղերի՝ Օկամի, Քարծեփի, Գոգաշենի և Ազմանայի գյուղապետերը, ովքեր ևս պատվաստվել են տեղում։ Հիշյալ գյուղերի բուժքույր Մանուշակ Թորոյանը ևս ի օրինակ այլ բուժաշխատողների, պատվաստվել է քարոզարշավի շրջանակներում։
Պատվաստման գործընթացին հետևում է նաև Ախալքալաքի փոխքաղաքապետ՝ Մկրտիչ Մղդեսյանը, ով իր հերթին կոչ է անում պատվաստվել՝ այս կերպ հաղթահարելով վարակը:
«Ես պատվաստվել եմ, շատ լավ եմ զգում ինձ, կոչ եմ անում համաքաղաքացիներիս և բոլորին պատվաստվել․ հայտի է, որ պատվաստվողներն ի տարբերություն չպատվաստված անձանց ավելի հեշտ և անվտանգ կերպով են հաղթահարում վարակը։ Իմ օրինակը կարող եմ ներկայացնել, ընկերս վարակվել է կորոնավիրուսով, իսկ ես՝ ոչ», — «Ալիք մեդիայի» հետ զրույցում նշում է Ախալքալաքի փոխքաղաքապետը:
Քարոզարշավի շրջանակներում հասանելի են գերմանա-ամերիկյան Pfizer, չինական Sinopharm և Sinovac պատվաստանյութերը։
Հանդիպումների նպատակը տեղի բնակչության իրազեկումն է՝ պատվաստման կարևորության և անհրաժեշտության, պատվաստման անվտանգության ու Covid-19-ից առաջացած վտանգների մասին: Հանդիպումներն անցկացնում են ոլորտի որակավորված մասնագետները, գյուղի բժիշկները, Առողջապահության նախարարության ու Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները։
Տաթև Խոցանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր