Նինոծմինդայի գյուղերում ընթանում է պատվաստման քարոզարշավ

Հոկտեմբերի 25-ին  Նինոծմինդայի շրջանում սկսվել է «Պատվաստվում ենք միմյանց համար» խորագրով համընդհանուր պատվաստման քարոզարշավը։ Այս պահին քարոզարշավն ընթանում է Ջիգրաշեն գյուղում։

Քարոզարշավին մասնակցում են Համաշխարհային բանկի և Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ու hանրային առողջապահության ազգային կենտրոնի ներկայացուցիչները։ Տեղում է Թբիլիսիի Հանրապետական հիվանդանոցից պատվաստման շարժական խումբը, որոնք էլ գյուղի բնակիչներին պատվաստում են։

Հանդիպումների նպատակը տեղի բնակչության իրազեկումն է՝ պատվաստման կարևորության և անհրաժեշտության, պատվաստման անվտանգության ու Covid-19-ից առաջացած վտանգների մասին: Հանդիպումներն անցկացնում են ոլորտի որակավորված մասնագետները, գյուղի բժիշկները, Առողջապահության նախարարության ու Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ներկայացուցիչները, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները։

Հիմնական թիրախը ռիսկային խմբում գտնվող 60 տարեկանից բարձր անձինք են: Հանդիպումների վերջում պատվաստումով հետաքրքրված անձանց տեղում պատվաստվելու հնարավորություն է տրվում` լիարժեք կահավորված շրջիկ ամբուլատորիաների և համապատասխան բրիգադների օգնությամբ, որն ապահովվել է Վրաստանի բժշկական հոլդինգը:

«Եկեք պատվաստվենք միմյանց համար» քարոզարշավն իրականացվում է  Համաշխարհային բանկի Covid-19-ի դեմ արագ արձագանքի նախագծի աջակցությամբ: Պատվաստման քարոզարշավի հանդիպումներն ընդգրկում են բոլոր շրջանները` ծառայելով բնակչության իրազեկման բարձրացմանը:  

Ասյա Բալասանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր