Տարիներ շարունակ անմխիթար ճանապարհ ունենալուց և հարցը բազմիցս բարձրացնելուց հետո դամիացիները վերջապես կարող են երթևեկել ասֆալտապատ ճանապարհով. գլխավոր մայրուղուց բաժանող 3 կիլոմետրանոց ճանապարհն ամբողջությամբ նորոգվել է:
Մառնեուլիի մունիցիպալիտետի Դամիա գյուղ տանող ճանապարհի ասֆալտապատման ծրագիրը, որն անցկացվեց երկու փուլով, ավարտին է հասցվել և վերանորոգվել 3 կմ ճանապարհը:
«Գյուղի ասֆալտապատումը փրկության նման մի բան էր գյուղացիների համար», — «Ալիք մեդիայի» հետ զրույցում ասում է Դամիա գյուղի բնակիչ Սեյրան Միսկարյանը՝ հավելելով, որ բարեկարգ ճանապարհը կնպաստի գյուղի զարգացմանը:
Ինչպես Սեյրան Միսկարյանն է նշում, միջպետական ճանապարհից հեռու լինելով ընդամենը 3 կմ, այնուամենայնիվ դամիացիները կտրված են ապրում և անմխիթար ճանապարհի պատճառով է, որ շատ բան հասանելի չէ իրենցտ:
Սեյրանը Թբիլիսիի Իլիայի անվան պետական համալսարանի 2-րդ կուրսի ուսանող է և ասում է, որ ուսանողները ճանապարհի պատճառով, շատ ավելի բարդ իրավիճակում էին հայտնվել:
«Ճիշտ է ասֆալտապատման խնդիրը լուծվեց, սակայն շրջկենտրոնի հետ կապ հաստատելու համար գյուղն ընդամենը մի մարշրուտկա ունի: Ես ինքս ուսանող եմ, և Թբիլիսիից վերադառնում եմ երեկոյան 5-6-ի կողմերն ու ստիպված եմ մեքենայով գնալ, որը ուսանողի համար հավելյալ ծախս է։ Իսկ գյուղի միակ տրանսպորտը առավոտյան 9-ից մինչև ժամը 13:00-ն է լինում շրջկենտրոնում», — նշում է Սեյրանը՝ հավելելով, որ միայն ճանապարհը վերանորոգելով հարցը լուծում չի ստանում:
Հաշվի առնելով, որ Դամիա գյուղը մոտ է շրջկենտրոն Մառնեուլիից` գյուղից երիտասարդները գնում են այնտեղ աշխատելու և այս դեպքում ևս տրանսպորտի բացակայությունը խնդիր է:
Հասարակական տրանսպորտի խնդրի մասին են խոսում նաև գյուղի մյուս բնակիչները։ Նրանցից շատերն աշխատում են և շատ հաճախ ավելի հարմար է կեսօրից հետո գնալ շրջկենտրոն` ինչպես առևտրի նպատակով, այնպես էլ բանկերի հետ կապված խնդիրները լուծելու։
«Գյուղում գրեթե կա ամեն հարմարություն, գազաֆիկացված է, օգտագործման ջուրը կա, փողոցները լուսավորվեցին, հիմա արդեն գլխավոր ճանապարհը ասֆալտապատած է։ Միակ ու կարևոր խնդիրներից մեկն այս պահին հասարակական տրանսպորտի մշտական չլինելն է», — ասում է Դամիա գյուղի բնակիչներից մեկն ու միևնույն ժամանակ ընդգծում, որ տրանսպորտ կա, սակայն բավարար չէ՝ շրջկենտրոնի հետ մշտական կապի համար։
Նշենք նաև՝ Դամիա գյուղի ճանապարհի ասֆալտապատման առաջին փուլն իրականացվել է 2020 թվականի գարնանն ու ավարտին հասցվել ամառվա ընթացքում: Նախագիծն իրականացնում էր «Իբերիա ՍՊԸ»-ն: Ըստ պայմանագրային տվյալների, առաջին փուլի աշխատանքների համար ծախսվել է 613 074 լարի (մոտ 195 հազ. ԱՄՆ դոլար)։
Այս տարի արդեն իրականացվեց ասֆալտապատման աշխատանքների երկրորդ փուլը. ասֆալտապատվեց ճանապարհի մնացած՝ 1 586 մետրանոց հատվածը, որը հասնում է մինչև գյուղի մանկապարտեզի մոտ:
«Միլենիում Բիլդեր Գրուպ» ՍՊԸ-ի կողմից իրականացված աշխատանքների արժեքը 410 492 լարի է (մոտ 130 հազ ԱՄՆ դոլար), որից 20 525 լարին (մոտ 6.5 հազ. ԱՄՆ դոլար) տեղական բյուջեից է, իսկ 389 968 լարին (մոտ 124 հազ. ԱՄՆ դոլար)՝ տարածաշրջանային զարգացման ֆոնդից:
Ըստ ծրագրի վերաբերյալ հաղորդագրության, ճանապարհը նաև ապահովում է շղթայավոր տրակտորների անցման հատված, որը բետոնից է: Ինչպես նաև տեղադրված է ճանապարհային նշաններ։
Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր