Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանրային հեռուստաընկերության եթերում խոսել է Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին։ Կառավարության ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանը շարունակում է օկուպացնել Վրաստանի տարածքները, ինչը երկու երկրների հարաբերություններում հիմնական խոչընդոտն է։
«Քաղաքական ուղղությամբ մենք առաջընթաց չենք գրանցել։ Իրավիճակն անփոփոխ է, ունենք ստատիկ իրավիճակ, այս ստատուս քվոն պահպանվում է, և օկուպացիայի հետ կապված հիմնարար փոփոխություն տեղի չի ունեցել։ Իհարկե, մենք պետք է առնչվենք նաև այսպես կոչված սահմանագծման և փշալարերի տեղադրման հետ կապված մարտահրավերի հետ գրեթե ամեն օր` ներառյալ մեր քաղաքացիների առևանգումը։ Արձանագրվել են բռնության բազմաթիվ միջադեպեր, այդ թվում՝ սպանություններ։ Ռուսաստանի հետ կապված մեր հիմնական բողոքը կամ խնդիրը մեր երկրի տարածքային ամբողջականությունն է։ Ռուսաստանը չի հարգում մեր երկրի ինքնիշխանությունը, մեր երկրի միասնությունը և շարունակում է օկուպացնել մեր երկրի տարածքները։ Սա է մեր միջև լավ հարաբերությունների հիմնական խոչընդոտը»,- ասել է վարչապետը։
Իրակլի Ղարիբաշվիլին անդրադարձել է նաև Ռուսաստանի կառավարության հետ դեմ առ դեմ հանդիպման հարցին․
«Բոլորս քաջ գիտակցում ենք, որ դեօկուպացիա ինքնըստինքյան չի կարող լինել, այն պահանջում է բազմակողմանի, ընդհանուր աշխատանք, արդյունավետ քայլեր, և իհարկե, մեր գործընկերների ներգրավվածությունը։ Մենք ունենք մեկ ձևաչափ, դա Ժնևյան ձևաչափն է։ Ռուսաստանի կառավարության հետ քաղաքական հարցերի շուրջ անմիջական շփում չունենք, միակ շփումը առևտրատնտեսական և մշակութային հարաբերություններն են»։
Ղարիբաշվիլին հավելել է, որ կարևորում է պետական շահերը և ռուսական կողմի հետ դեմ առ դեմ հանդիպումը պիտի կայանա ելնելով ազգային շահերից․
«Վրաստանը և վրացի ժողովուրդը պետք է իմանա, թե տեսականորեն և գործնականում ինչ արդյունքներ կարող ենք ունենալ։ Մենք բոլորս լավ հասկանում ենք, որ յուրաքանչյուր նորմալ պետություն գործում է և պետք է գործի իր ազգային շահերից ելնելով։ Բնականաբար, մենք էլ ունենք մեր շահերը, իսկ մնացած բոլոր պետությունները, այդ թվում՝ հարևան երկրները, ունեն իրենց շահերը։ Ուստի, կարծում եմ, որ նման հանդիպումը պիտի կայանա մեր պետության շահերից ելնելով և լավ նախապատրաստվելու կարիք ունեն»:
Նշենք, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին 2019 թվականի վերջին հայտարարել էր, որ Վրաստանն իր դիվանագիտական միջոցները պատշաճ կերպով չի օգտագործում օկուպացված տարածքների հետ կապված։
Տաթև Խոցանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր