Ընկերների ակումբ. Ղարիբաշվիլին՝ ՄԱՇ-ի օգտին Արևմուտքում լոբբինգ անողների մասին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին խոսել է եվրոպացի խորհրդարանականների ու կոնգրեսականների հետ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչների կապերի մասին։

Ղարիբաշվիլիի խոսքով՝ վերջին ինը տարիների ընթացքում իրենց ղեկավարած կառավարությունը շոշափելի առաջընթաց է գրանցել բոլոր ուղղություններով և իրենք՝ «Վրացական երազանք» կուսակցությունը, իրենց գործողություններով ապացուցել են, որ կարող են պատասխանել «պլանավորված տեղեկատվական ու հոգեբանական պատերազմին»։

«Նախկին իշխանության, այսպես կոչված ընկերների ակումբներ կան, այդ թվում՝ Եվրոպայում, ԱՄՆ-ում, և նրանց հայտարարություններն ինձ՝ որպես վարչապետի, բացարձակապես անհետաքրքիր են», — Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է վարչապետ Ղարիբաշվիլին:

Վարչապետն «ընկերների ակումբ» է անվանել ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» օգտին Արևմուտքում լոբբինգ անողներին: 

«Երբ իշխանությունը «Ազգային շարժման» ձեռքին էր, նրանց հաջողվեց ստեղծել այսպես կոչված ընկերների ակումբներ։ Նկատի ունեմ տարբեր վերլուծական կենտրոններում աշխատող Եվրախորհրդարանի պատգամավորներին, կոնգրեսականներին և այսպես կոչված փորձագետներին, ովքեր այսօր էլ ակտիվ են: Պետական ​​բյուջեից միլիոններ են ծախսվել այս ուղղությամբ։ Պետբյուջեից՝ այլ ոչ թե անձնական կամ կուսակցական նվիրատվություններից»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։

Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր