Վրաստանում գրիպի դեմ պատվաստումը բոլոր քաղաքացիների համար անվճար կլինի միայն մինչև դեկտեմբերի 1-ը։ Այս մասին հայտնել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն։
Գամկղրելիձեի խոսքով՝ քաղաքացիների ակտիվությունը շատ ցածր է գրիպի դեմ պատվաստման գործընթացում։
Գամկղրելիձեն նաև նշել է, որ գրիպի դեմ պատվաստանյութով կարող են պատվաստվել Վրաստանի բոլոր քաղաքացիները՝ սկսած 6 ամսականից։
«Հոկտեմբերի կեսերից գրիպի դեմ պատվաստանյութը հասանելի է ռիսկային խմբերին։
Ռիսկի խմբում մշտապես գտնվում են հիվանդանոցների բուժանձնակազմը, հղիները, շաքարային դիաբետով, քրոնիկ հիվանդություններով հիվանդները, 60-անց քաղաքացիները, դպրոցի ուսուցիչները և մանկապարտեզի դաստիարակները»,- ասել է Գամկղրելիձեն։
Ըստ Գամկղրելիձեի՝ գրիպի դեմ գնված 200 հազար դեղաչափ պատվաստանյութից օգտագործվել է մինչև 95 հազար դեղաչափ։
Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր