Վրաց-աբխազական 1990-ականների պատերազմից հետո առաջին անգամ Աբխազիայի դե ֆակտո խորհրդարանի անդամներն այցելել են Թուրքիայի խորհրդարան։ Այս մասին նոյեմբերի 21-ին հաղորդել են աբխազական լրատվամիջոցները։
Ըստ Աբխազիայի խորհրդարանի դե ֆակտո փոխխոսնակ Ասթամուր Լոգուայի՝ աբխազ պատգամավորները Թուրքիայի խորհրդարանում հանդիպումներ են ունեցել ոչ միայն ծագումով աբխազ, այլ նաև այլ պատգամավորների հետ։
«Մենք քննարկել ենք մի քանի համատեղ նախաձեռնություններ, և, բարեբախտաբար, այս տարի թուրք խորհրդարանականների մեծ պատվիրակություն կայցելի Աբխազիա, և մեր շփումները կշարունակվեն։ Ճիշտ է, մենք չհանդիպեցինք խորհրդարանի ամբողջ կազմի հետ, սակայն թուրք պատգամավորներն առաջին անգամ հանդիպեցին Աբխազիայի իրենց գործընկերներին», — ասել է Լոգուան։
Լոգուան այս հանդիպումը համարել է պատմական։ Նրա խոսքով՝ ոչ ոք չի կարողանա խանգարել Աբխազիային կապ հաստատել աշխարհի հետ։
«Մեկ, երկու, երեք տարի արգելափակելու են, բայց մենք դեռ կհասնենք մեր նպատակներին։ Աբխազիան կճանաչվի ողջ միջազգային հանրության կողմից»,- ընդգծել է Լոգուան։
Լոգուան նաև հայտարարել է, թե 2022 թվականը Սոխումիի համար շրջադարձային կլինի միջազգային կապերի ընդլայնման տեսանկյունից։
«Այսօր շատ հաճախ է քննարկվում «3+3» ձևաչափը, որում, ցավոք, Աբխազիան ներկայացված չէ, և այդ մասին խոսակցություն չկա, բայց կարծում եմ, որ այլընտրանքի համար կաշխատենք, եթե ներգրավված չլինենք այս ձևաչափում։ Դա կարող է լինել ոչ թե արտգործնախարարների մակարդակով, այլ «3+4» ձևաչափով», — ասել է Լոգուան։
Մամուլի հաղորդագրության մեջ չի նշվում, թե որ պատգամավորների հետ են հանդիպել աբխազական պատվիրակության անդամները։
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից հայտարարել են, որ աբխազական պատվիրակությունը Թուրքիա է մտել ռուսական անձնագրերով, և որ նրանց հանդիպումները անձնական բնույթ են կրել։
«Թուրքիան վճռականորեն աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը` նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ Թուրքիայի կառավարությունը վարում է Վրաստանի օկուպացված տարածքները չճանաչելու քաղաքականություն», — ասված է ԱԳՆ-ի հաղորդագրությունում։
Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր