«Ալիք Մեդիան» «Սոցիալական Արդարադատության կենտրոնի» (Social Justice Center) հետ համագործակցության շրջանակներում հրապարակում է վերոնշյալ կազմակերպության համար պատրաստված, երիտասարդ ակտիվիստ Տիգրան Թարզյանի հեղինակած բլոգի գրառումը:
Ավելի քան երեք շաբաթ է, ինչ Ջավախքում սկսվել է կարտոֆիլի բերքահավաքը։ Տեղական լրատվամիջոցներն ակտիվորեն լուսաբանում են այս գործընթացը՝ ուշադրություն հրավիրելով տեղացիների առջև ծառացած դժվարությունների վրա: Գարնանը լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տարածվել էր գյուղացիների բողոքը, թե ինչպես էին նրանք ցուցադրաբար աղբանոց նետում փչացած կարտոֆիլը՝ այսպիսով ևս մեկ անգամ ընդգծելով սեփական աշխատանքի թերագնահատումն ու չճանաչումը:
Այս բլոգում ուզում եմ կենտրոնանալ մի քանի սոցիալական և գիտական գործոնների վրա, որոնք, կարծում եմ, տեղի կարտոֆիլագործների դժգոհության ու անհանգստության պատճառ են հանդիսանում և պահանջում են պետական միջամտություն։
Այս բլոգը պատրաստելու համար ես հանդիպեցի տեղի գյուղացիների/ինքնազբաղ կարտոֆիլագործների հետ, և իմ կարծիքների մեծ մասը հիմնված է նրանց մտքերի և տեսլականների վրա:
Վրաստանում կարտոֆիլը հանդիսանում է կարևոր մշակաբույս։ Մեր երկրում ցանվում է մոտ 25 000 — 30 000 հա կարտոֆիլ։ Ստացված բերքի մեծ մասը սպառվում է իր առաջնային տեսքով։
Ջավախքում կարտոֆիլը հաճախ անվանում են «երկրորդ հաց»։ Չնայած երկրում կարտոֆիլի բերքատվության ընդհանուր աճին, Սամցխե-Ջավախեթի տարածաշրջանում դրա մշակման տեմպերը մնում են ցածր՝ մոտ 12-15 տ/հա, ինչը զգալիորեն ցածր է եվրոպական շատ երկրներում նմանատիպ ցուցանիշներից (առնվազն 40 տ/հա-ից):
Պատճառները հետևյալն են: Կարտոֆիլի բերքի ցածր արտադրողականության ու քիչ շահույթ ստանալու առաջին և գլխավոր պատճառն անորակ սերմացուն և ցածր բերքատվություն ունեցող կարտոֆիլի տեսականին է: Մեր երկրում դրսից ներմուծվում են կարտոֆիլի սերմացուի տեսակներ, որոնք 2-3 տարի հետո դառնում են անպիտան, և դա կտրուկ նվազեցնում է բերքատվությունն ու որակը։ Վրաստանում չունենք կարտոֆիլի սերմացուի սեփական արտադրություն, իսկ դրսից ներկրվող սերմացուն շատ թանկ արժե (3-4 լարի)։
Ընդամենը մի քանի տարի առաջ Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանում կարտոֆիլագործների մեծ մասն օգտագործում էր ոչ ֆորմալ սերմացու, որպես կարտոֆիլի սերմացուի աղբյուր (օրինակ՝ տեղի տնտեսություններում աճեցված սերմեր, որոնք ձեռք են բերվել հարևաններից կամ տեղական շուկայից և այլն): Իհարկե, նմանատիպ սերմերը վերարտադրված են և արտադրողականության զգալի անկում են առաջացնում: Հետևաբար ստանում ենք ցածր արտադրողականության բերք։
Տեղացի կարտոֆիլագործներն ինձ հետ խոսելիս, հիշում են, որ խորհրդային տարիներին 1 հա հողամասից ավելի շատ բերք էին հավաքում, քան այսօր։ Նրանց խոսքով, օրինակ, այդ ընթացքում (խորհրդային միության ժամանակ) Ախալքալաքի շրջանի Բուղդաշեն գյուղում մեկ հեկտարից հավաքվել է 50 տոննա կարտոֆիլ։ Ես լիովին հասկանում եմ, թե ինչու է Խորհրդային Միությունը մեր գյուղացիների մասին խոսում դրական ենթատեքստում։ Ցավալի է, բայց Վրաստանի ոչ մի կառավարություն չկարողացավ սեփական քաղաքացիների համար ստեղծել ավելի լավ սոցիալ-տնտեսական պայմաններ, քան հաջողվել է վերը նշված համակարգին։
Կարևոր է, որ պետական/կենտրոնական և տեղական ինքնակառավարման մարմինները սկսեն աշխատել տեղական ֆերմերների/ինքնազբաղվածների հետ՝ մեր երկրում լավ որակի, էլիտար կարտոֆիլի սերմեր արտադրելու համար: Այս գործընթացը կնվազեցնի կարտոֆիլի սերմերի նոր տեսակների արժեքը և կբարձրացնի բերքատվությունը: Պետական համապատասխան մարմինները պետք է ապահովեն երկրում կարտոֆիլագործների և ինքնազբաղ քաղաքացիների եկամուտների բարձրացումը, արդյունավետ սորտերի սերմացուի որակի բարձրացումը, իսկ ֆերմերները վերապատրաստվեն լավագույն փորձին համապատասխան: Հակառակ դեպքում գյուղացու աշխատանքը նորից ջուրը կընկնի։
Համաճարակի հետևանքով ստեղծված ճգնաժամը ցույց տվեց նաև, որ գյուղատնտեսությունն ու պարենային անվտանգությունը պետք է լինեն ամենակարևոր առաջնահերթությունները։ Նինոծմինդայի և Ախալքալաքի մունիցիպալիտետները գտնվում են լեռնային շրջանում, և այստեղ որակյալ սերմացու արտադրելու մեծ հնարավորություն կա։ Կարևոր է այս դաշտի ստեղծումն ու զարգացումը համապատասխան պետական կառույցների և տեղացիների ներգրավմամբ:
Իրականում Ջավախքի գյուղերի համար, որոնք գտնվում են ծովի մակարդակից 1800-ից 2000 մետր բարձրության վրա, կարտոֆիլագործությամբ զբաղվելն անշահավետ է, իսկ կարտոֆիլի սերմացուի արտադրությունը կարող է դառնալ ավելի հետաքրքիր ու ավելի շահավետ։ Համեմատաբար ցածրադիր գյուղերի համար (1500-1700 մետր բարձրության վրա գտնվող), իհարկե, իդեալական պայմաններ են բարձրադիր վայրերում արտադրվող սերմնացուի օգտագործումն ու մշակումը։
Ուշագրավ է մեկ այլ հանգամանք՝ որակյալ և էժան սերմացուի մշակումը կհանգեցնի նրան, որ 80 տոննա կարտոֆիլի բերք ստանալու համար կպահանջվի ոչ թե 5 հա հողատարածք, այլ առավելագույնը 2 հա, ինչը ընդհանուր առմամբ կբարձրացնի արտադրողականությունը։
Նշեմ նաև, որ Նինոծմինդայի և Ախալքալաքի մունիցիպալիտետների գյուղերի մեծ մասում էական խնդիր է ոռոգման ջրի համակարգի բացակայությունը։ Չնայած նրան, որ երկու մունիցիպալիտետներն էլ հսկայական ջրային պաշարներ ունեն։ Մեր շրջանը հարուստ է լճերով, գետերով, բայց այդ ռեսուրսները չեն օգտագործվում տեղաբնակների կենսական շահերի համար։ Դաժան կլիմայական պայմաններում, լեռնային դաշտերում կարտոֆիլ աճեցնելու համար գիշեր-ցերեկ աշխատող մեր ժողովուրդը մնացել է առանց ոռոգման ջրի։ Ինչպե՞ս կարելի է արդարացի համարել այս իրողությունը։
Ջավախքում չկան կարտոֆիլի վերամշակման գործարաններ և ժամանակակից տեխնոլոգիաներ։ Սա ևս մեկ կարևոր խնդիր է, որը թույլ չի տալիս գյուղատնտեսության զարգացումը։ Մեր գյուղացիները հողը մշակում են պարզունակ տեխնոլոգիաներով ու մոտեցումներով և գոյատևման համար պայքարում սեփական քրտինքի ու տքնաջան, անգնահատելի աշխատանքի գնով։ Դեռ ինչքան պետք է գյուղացին հողը մշակի պարզունակ գործիքներով և սարքավորումներով, հատկապես, երբ գյուղատնտեսությունը շրջանի կյանքի նյութական հիմքն է:
Կառավարությունները շատ են խոսում գյուղատնտեսությանն աջակցելու մասին, բայց մենք պետք է տեսնենք այս համակարգի աշխատանքը մեր ընտանիքների և գյուղացիների իրական կյանքում: Ցավոք սրտի, ներքևում իրական փոփոխություններ չեն երևում, և մեր գյուղացիները շատ են աշխատում, ես կասեի, հողի հետ կռիվ են տալիս «երկրորդ հացը» վաստակելու համար։