Վրաստանն առաջին անգամ մասնակցում է Կանադայի պաշտպանության նախարարության կողմից կազմակերպված «Maple Arch 2021» հրամանատարաշտաբային զորավարժություններին։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը:
Ըստ տեղեկության՝ Կանադայի պաշտպանական ուժերի ղեկավարմամբ անցկացվող զորավարժություններին Վրաստանը մասնակցում է պաշտպանական ուժերի արևելյան հրամանատարության ղեկավարությամբ:
Նշվում է, որ բացման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել ՆԱՏՕ-Վրաստան համատեղ ուսուցման և գնահատման կենտրոնի (JTEC) հրապարակում։ Բացումը կատարել են Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատարի տեղակալ, գեներալ Իրակլի Ճիճինաձեն ու Կանադայի պաշտպանության նախարարության ռազմական պատրաստվածության տնօրինության ներկայացուցիչ մայոր Շոն Դ. Քլարկը:
Երկշաբաթյա հրամանատարաշտաբային զորավարժություններն անցկացվում են ՆԱՏՕ-Վրաստան համատեղ ուսուցման և գնահատման կենտրոնում (JTEC):
Զորավարժություններին մասնակցում են կանադացի, վրացի, լիտվացի, ուկրաինացի, լեհ և թուրք զինծառայողներ։
Զորավարժությունների նպատակն է բարձրացնել մասնակից երկրների միջև փոխգործակցությունը, ամրապնդել գործընկեր երկրների միջև պաշտպանական կապերը և նրանց մոտեցնել խաղաղապահ գործողությունների իրականացման գործընթացում ՆԱՏՕ-ի չափանիշներին։
Ասյա Բալասանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր