Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ինչպես և իշխող կուսակցությունը, խոսում է երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին քաղաքացիական կլինիկա տեղափոխելու վտանգների մասին: Նա արտահերթ ճեպազրույցի ժամանակ խոսել է Սաակաշվիլիի նկատմամբ կառավարության ունեցած պատասխանատվության մասին։
«Խնդրանք կա, որ նախկին նախագահը, մյուս սովորական բանտարկյալների նման, տեղափոխվի քաղաքացիական բազմապրոֆիլ կլինիկա։ Այս խոսքերը կրկնում է ամբողջ ազգը` իրական պատկերացում չունենալով, թե դա ինչ է նշանակում կամ ինչ վտանգներ կան։
Եթե մենք համաձայնում ենք այն մտքի հետ, որ նախկին նախագահը սովորական բանտարկյալ չէ և չի կարող լինել, ապա նաև պետք է համաձայնենք, որ սովորական բանտարկյալներին քաղաքացիական տարածք (հիվանդանոց) տեղափոխելն ավելի հեշտ է, քան նախկին նախագահին և դա կապված է բազմաթիվ վտանգների հետ»,- ասել է Զուրաբիշվիլին։
Հիշեցնենք, որ Ուկրաինայից Վրաստան վերադարձած երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հոկտեմբերի 1-ին ձերբակալվել է Թբիլիսիում և ավելի քան մեկ ամիս անցկացրել Ռուսթավի 12-րդ քրեակատարողական հիմնարկում։ Այնուհետև, ինչպես պնդում է Միխեիլ Սաակաշվիլին, իրեն Ռուսթավիի բանտից բռնի ուժով տեղափոխել են Գլդանիի բանտային կլինիկա։
Նախկին նախագահը հացադուլի մեջ է հոկտեմբերի 1-ից։ Նոյեմբերի 11-ին նա հայտարարել է, որ պատրաստ է դադարեցնել հացադուլը, սակայն միայն այն դեպքում, եթե իրեն տեղափոխեն բազմապրոֆիլ կլինիկա։
Ասյա Բալասանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր