Վրաստանի կառավարության կողմից 200 լարիի (մոտ 64 դոլար) չափով աջակցման ծրագրի արդյունքում պատվաստման տեմպերն աճել են։
Վրաստանի Ազգային վիճակագրության ծառայության (Geostat) տվյալներով՝ պատվաստումների առավել ակտիվություն է գրանցվել 60 տարեկանից բարձր տարիքի մարդկանց շրջանում։
Առողջապահության նախարարությունից ևս հայտնում են, որ նոյեմբերի 7-ից ավելի քան 100%-ով ավելացել է պատվաստման դիմողների թիվը՝ գրեթե բոլոր շրջաններում։
Նշվում է, որ նոյեմբերի 8-16-ը Թբիլիսիում պատվաստվել է կենսաթոշակային տարիքի 4849 մարդ, ինչը 238%-ով ավելի է նախորդ շաբաթվանից։ Նույն ժամանակահատվածում Աջարիայում պատվաստվել է 60 տարեկանից բարձր 1560 մարդ, ինչը 290%-ով ավելի է հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 7-ը պատվաստված քաղաքացիների թվից։
Մյուս շրջաններում պատկերն հետևյալն է.
«Գուրիայում պատվաստվել է 1016 մարդ, ինչը 539%-ով ավելի է նախորդ շաբաթվանից,
Իմերեթիում՝ 2900 մարդ, 330%-ով ավելի,
Կախեթիում՝ 1317 մարդ, 329%-ով ավելի,
Մցխեթա-Մթիանեթիում՝ 356 մարդ, 424%-ով ավելի,
Ռաչա Լեչխումի և Քվեմո Սվանեթիում՝ 209 մարդ, 515%-ով ավելի,
Սամեգրելո և Զեմո Սվանեթիում՝ 1815 մարդ, 396%-ով ավելի,
Սամցխե-Ջավախքում՝ 437 մարդ, 3245%-ով ավելի,
Քվեմո Քարթլիում՝ 961 մարդ, 358%-ով ավելի,
Շիդա Քարթլիում՝ 1033, 649%-ով ավելի»,- նշված է Ազգային վիճակագրական ծառայության տարածած տեղեկատվության մեջ։
Հիշեցնենք, որ Վրաստանի կառավարության կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ՝ մինչև հունվարի 1-ը կորոնավիրուսի դեմ պատվաստված կենսաթոշակառուները 200 լարի միանվագ հավելավճար են ստանում։
Ասյա Բալասանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր