Վրաստանում 2022 թվականի ապրիլի 25-ից վարորդական իրավունքի քննությունը իրական պայմաններում հանձնելը կդառնա պարտադիր։ Խոսքը թեթև մարդատար (B, B1) մեքենաների մասին է, իսկ մնացած մեքենաների համար, վարորդական իրավունքի քննությունն իրական պայմաններում հանձնելը պարտադիր կդառնա 2022 թվականի նոյեմբերի 7-ից։
Խորհրդարանը նոյեմբերի 16-ին կայացած նիստում, երրորդ ընթերցմամբ ընդունեց «Երթևեկության մասին» օրինագծում փոփոխություններ կայացնելու մասին որոշումը։ Փոփոխությունները վերաբերում են նաև մոպեդների գրանցմանը։
Մասնավորապես, մոպեդների գրանցումը 2022 թվականի մարտի 28-ից պարտադիր է դառնալու, ուստի անհրաժեշտ կլինի նախքան գրանցումը ձեռք բերել վարորդական իրավունք, իսկ մինչ այդ մոպեդի գրանցումը կլինի ըստ քաղաքացու հայեցողության։
Նշենք, որ այժմ Վրաստանում վարորդական իրավունքի քննություններն ընթանում են 2 փուլով՝ տեսական և գործնական։ Վերոնշյալ փոփոխությունը կվերաբերի գործնական քննությանը, որը ինչպես նախկինում, այդպես էլ մինչև 2022 թվականի ապրիլի 25-ը կընթանա միայն հատուկ հրապարակում։
Տաթև Խոցանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր