Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին քննադատել է քրեակատարողական ծառայության կողմից Միխեիլ Սաակաշվիլիի բանտային կադրերի հրապարակումը։
«Բանտում գտնվող նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի ստորացուցիչ կադրերի հանրայնացումը, հատկապես ռուսական հեռուստաալիքներով դրանց շուրջ պոռթկումները վիրավորում են յուրաքանչյուր վրացու արժանապատվությունը՝ վնաս հասցնելով մեր երկրի հեղինակությանը», — իր ֆեյսբուքյան էջում գրել է նախկին վարչապետը։
Անդրադառնալով նախկին նախագահի մեղադրյալի կարգավիճակում հայտնվելու փաստին, նա նշեl է․ «Օրենքի առաջ բոլորը հավասար են, քրեական մեղադրանքները, որոնք հանգեցնում են դատավճռի, հաստատվում են ոչ միայն Վրաստանի դատական իշխանության, այլև Ստրասբուրգի մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից։ Քննության գործընթացին ներգրավված են միջազգային բարձր հեղինակություն ունեցող մասնագետներ Միացյալ Նահանգներից, Մեծ Բրիտանիայից, Իսրայելից: Ահա թե ինչու նրա անմեղության մասին բոլոր խոսակցությունները իրականության հետ աղերս չունեն»։
«Վրացական երազանքի» կառավարության նախկին ղեկավարը, սակայն, միևնույն ժամանակ կարծում է, որ Սաակաշվիլիին պետությունը պետք է տրամադրի բժշկական այն ողջ օգնությունը, որը պահանջում են նրա բժիշկները։ «Դա առաջին հերթին «Վրացական երազանքի» կառավարության, իսկ հետո՝ երկրի արժանապատվության հարցն է։ Եվ ինչ անձնական հայացքներ էլ մենք ունենանք, նա այնուամենայնիվ Վրաստանի նախկին նախագահն է»։
Գիորգի Կվիրիկաշվիլին Վրաստանի վարչապետի պաշտոնը իշխող ուժի կազմում զբաղեցրել է 2015 թվականի դեկտեմբերից մինչև 2018 թվականի հունիսը։ Հրաժարական տալով, նա շեշտել է իր և թիմի միջև մի շարք ուղղություններով անհամաձայնություններ ի հայտ գալը: