Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալասարանի ուսանողական ինքնակառավարման Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամները «բանական որոշում» են կայացրել՝ ժամանակավորապես դադարեցնել ընտրական գործընթացը։
Հիշեցնենք՝ ԹՊՀ-ում առավոտյան մեկնարկել էին ուսանողական ինքնակառավարման մարմնի ընտրությունները, որոնք ընթանում էին բողոքի ակցիաների ֆոնին։ Տարեսկզբին ձևավորված «115 լսարան» շարժումը, բողոքի ակցիա էր սկսել դեռ նախօրեին՝ պահանջելով բարեփոխումներ իրականացնել ԲՈւՀ-ում։ Նոյեմբերի 24-ին շարժման անդամները գրավել էին համալսարանի 6-րդ մասնաշենքը։
Համալսարանի ուսանողական ինքնակառավարման ընտրական հանձնաժողովի ղեկավար Դեմետրե Էգնատաշվիլիի պարզաբանմամբ, ընտրությունները չեն վերսկսվի, մինչև իրավիճակը չկարգավորվի: «Նման որոշում ընդունվում է այն դեպքում, երբ ընտրական գործընթացին վտանգ է սպառնում: Երբ ցուցարարները ներխուժեցին առաջին մասնաշենք, որոշում կայացվեց դադարեցնել ընտրական գործընթացը»,- նշել է նա:
«115 լսարան» շարժման անդամները առավոտյան համալսարանի մուտքի մոտից սկսելով ակցիան՝ պահանջում են դադարեցնել ընտրություները: Ակցիայի մասնակից Գիորգի Ջավախաձեի խոսքով, ցույցը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև իրենց պահանջները չիրականացվեն։ «Մենք պահանջում ենք, որ ուսանողական ինքնակառավարման ընտրությունները անցկացվեն ֆակուլտետային խորհուրդներում՝ ուղիղ կարգով»,-ասել է Ջավախաձեն՝ նշելով, որ շարժման կազմակերպած ցույցերը խաղաղ բնույթ են կրում։