Երեկ՝ նոյեմբերի 11-ին, ուկրաինական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև։ Հաղորդում է Վրաստանի կառավարությունը։
Զելենսկին բարձրացրել է Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլիի իրավունքները միջազգային նորմերին համապատասխան երաշխավորելու անհրաժեշտությունը:
Վրաստանի կառավարության փոխանցմամբ՝ վարչապետը հայտարարել է, որ Միխեիլ Սաակաշվիլիին հնարավորություն ունեն այցելել ինչպես իր փաստաբանները, այնպես էլ ընտանիքի անդամներն ու խորհրդարանի պատգամավորները։
Անդրադարձել է եղել Սաակաշվիլիին բանտային հիվանդանոց տեղափոխելու հարցին։ Այդ առումով վարչապետն Ուկրաինայի նախագահին տեղեկացրել է, որ Գլդանիի 18-րդ բանտային հիվանդանոց տեղափոխելիս Սաակաշվիլին դիմադրություն է ցույց տվել՝ բռնություն գործադրելով անձնակազմի ու բժիշկների նկատմամբ։ Համապատասխանաբար, քրեակատարողական ծառայությունը «օրենքով սահմանված գործողություններ» է ձեռնարկել։
Վրաստանի կառավարության ղեկավարը, Սաակաշվիլիի գործողությունները որակել է սադրիչ, կործանարար և երկրի կայունությանը սպառնացող՝ հայտարարելով նաև, որ Վրաստանի ներքին գործերին Ուկրաինայի քաղաքացիների միջամտությունն անընդունելի է:
«Ուկրաինացի բժիշկների կողմից Սաակաշվիլիի առողջական վիճակը ստուգելու մասին Վլադիմիր Զելենսկիի խնդրանքին ի պատասխան, վարչապետն ասել է, որ վրացի պրոֆեսիոնալ և բարձրակարգ բժիշկները հոգ են տանում բանտարկյալ Սահակաշվիլիի առողջական վիճակի մասին», — ասված Է կառավարության տարածած հայտարարությունում։
Հիշեցնենք, որ արդեն 43 օր հացադուլի մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին այժմ գտնվում է Գլդանիի 18-րդ բանտային հիվանդանոցում։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Սաակաշվիլիին կոչ է արել դադարեցնել հացադուլը՝ Վրաստանի իշխանություններին պարտավորեցնելով ապահովել նրա անվտանգությունը և պատշաճ բուժօգնություն ցուցաբերել։
Ի պատասխան նոյեմբերի 11-ին Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել էր, որ կենթարկվի ՄԻԵԴ-ի որոշմանը, կդադարեցնի հացադուլը, եթե կառավարությունը իրեն տեղափոխի քաղաքացիական բազմապրոֆիլ կլինիկա։
Ասյա Բալասանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր