Վրաստանում արդեն հնարավոր է պատվաստվել կորոնավիրուսի դեմ բուստեր դոզայով: Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն այսօր պատվաստվել է բուստեր դեղաչափով։
Գամկղրելիձեի խոսքով՝ մայիսին 2 չափաբաժին «Sinopharm» է ստացել, իսկ այսօր պատվաստվել է «Pfizer» պատվաստանյութով։
«Ես հատուկ «Pfizer»-ով եմ պատվաստվել, որ մարդկանց համոզեմ, քանի որ երկրում շատ են խոսակցությունները, թե իբր «Pfizer»-ի ժամկետը լրացել է։ Օգոստոսին «Pfizer»-ը փոխել է կանոնակարգը և թողարկումից հետո արդեն 9 ամիս է պիտանելիության ժամկետը, եթե պահվում է -60, -90 աստիճան, իսկ հալվելուց հետո սովորաբար սառնարանում կարելի է օգտագործել 30 օր։ Մենք «Pfizer»-ը երեք վայրում ենք պահում, որտեղ ունենք -80, -90 աստիճանի սառնարաններ»,- ասել է Ամիրան Գամկրելիձեն։
Ըստ Գամկղրելիձեի, այսօր Վրաստանում կա «Pfizer»-ի մոտ 900 հազար չափաբաժին, որից 700 հազար դեղաչափը՝ մինչև 2021 թվականի մարտի վերջ, իսկ մի մասը՝ մինչև հունվարի վերջ և փետրվարի վերջ ունեն պիտանելիության ժամկետ։
Վրաստանում կորոնավիրուսի դեմ խթանող դոզան կարող է օգտագործել 18 տարեկանից բարձր յուրաքանչյուր ոք, ով մինչ այդ պատվաստվել է ցանկացած պատվաստանյութով։
60 տարեկանից բարձր անձանց մոտ, ովքեր պատվաստվել են «Sinovac»-ով և «Sinopharm»-ով, խթանող դոզան կարող է տրվել 3-ից 6 ամիս ընդմիջումներով:
Հիշեցնենք՝ ներկայումս Վրաստանում պատվաստումներն իրականացվում են «Sinovac»,«Sinopharm» և «Pfizer» պատվաստանյութերով։
Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր