Վրաստանի երրորդ նախագահ, կալանավորված ու 40 օրից ավել հացադուլի մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին պատրաստ է դադարեցնել հացադուլը՝ որոշ պայմանների դիմաց:
Սաակաշվիլիի փաստաբան Նիկա Գվարամիան ասել է, որ նախկին նախագահի որոշման հիմքում Ստրասբուրգի դատարանի և արևմտյան գործընկերների կոչերն են, սակայն Սաակաշվիլին նշել է, որ կդադարեցնի հացադուլը, եթե դրանից հետո վերականգնողական բուժում ստանա բարձրակարգ կլինիկայում:
«Ես որոշել եմ ընդունել Ստրասբուրգի Մարդու իրավունքների դատարանի, ինչպես նաև մեր արևմտյան գործընկերների՝ հացադուլը դադարեցնելու կոչը։ Այս հացադուլի կդադարեցվի միայն մի պատճառով։ Սովից հետո վերականգնողական գործընթացը շատ ավելի բարդ է, քան հացադուլի ընթացքը, ուստի Գլդանիի հիվանդանոցը չունի պատշաճ պայմաններ, ոչ էլ որակյալ բուժանձնակազմ։ Բացի այդ, անհնար է վստահել այն աշխատակազմին, որի կողմից կիրառած բռնության կադրերը այսօր հասանելի դարձան բոլորին: Այստեղ չկա նաև անվտանգության և հոգեբանական ճնշումներից պաշտպանության երաշխիք, ինչը նույնպես Ստրասբուրգի դատարանի պահանջներից մեկն է։ Ամենամեծ վտանգը ես համարում եմ նաև Գորիի հիվանդանոցը, քանի որ այս հոսպիտալից մի քանի կիլոմետր հեռավորության վրա են գտնվում ռուսական բանակը և հատուկ նշանակության ռուսական ստորաբաժանումները։
Ըստ այդմ՝ խնդրում եմ բժիշկներին որոշել, թե որ բազմաֆունկցիոնալ և բարձրակարգ կլինիկաներն ու բուժման ինչ մեթոդներ է հարկավոր կիրառել իմ վերականգնման գործընթացում։ Բժիշկների Խորհուրդը պետք է կազմված լինի պրոֆեսիոնալներից և նրանց որոշումը պետք է լինի ոչ թե հանձնարարական, այլ պարտադիր պայման, որին ես անվերապահորեն ենթարկվելու եմ, իշխանությունն էլ է ենթարկվելու։
Այս իրավիճակում, հենց այս որոշումը կայացվի, և ես այս բանտի հիվանդանոցից տեղափոխվեմ համապատասխան բուժհաստատություն, անմիջապես կդադարեցնեմ հացադուլը»,- ասված է Սաակաշվիլիի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Սաակաշվիլին Վրաստանում կարևոր համարվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախորդ օրը հայտարարեց, թե Վրաստանում է, իսկ ավելի ուշ տեսանյութ հրապարակեց` նշելով, թե գտնվում է Բաթումիում:
Սակայն Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հաղորդեց, թե Սաակաշվիլին չի հատել Վրաստանի սահմանը, իսկ արդեն ուշ երեկոյան հայտնեցին նրա ձերբակալման մասին։
Ձերբակալվելուց հետո Սաակաշվիլին հացադուլ է հայտարարել ու չնայած ընդդիմադիրների, միջազգային հանրության ու քաղհասարակության կոչերին՝ իշխանությունները հրաժարվել են նրան տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց։ Մինչդեռ, արդեն նոյեմբերի 8-ին, երբ նրա առողջական վիճակը վատացել է, տեղափոխել են Գլդանիի 18-րդ բանտային հիվանդանոց։
Նոյեմբերի 11-ին Քրեակատարողական ծառայությունը հրապարակեց նախկին նախագահին բանտային հիվանդանոց տեղափոխելու կադրերը:
Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանը ղեկավարել է 2004-2013 թվականներին: 2013 -ի ընտրություններում պարտվելուց հետո նա լքել է երկիրը, ինչից հետո քաղաքական գործչի դեմ հարուցվել են մի շարք քրեական գործեր, նրա նկատմամբ հայտարարված է հետախուզում: Նա ութ տարուց ավելի է չի եղել Վրաստանում, սակայն բազմիցս խոսել է վերադարձի մասին։ 2015 -ին Սաակաշվիլին կորցրեց Վրաստանի քաղաքացիությունը և գրեթե վեց տարի Ուկրաինայի քաղաքացի է:
Տաթև Խոցանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր