Քրեակատարողական ծառայությունը հրապարակել է Միխեիլ Սաակաշվիլիին Գլդանիի բանտային հիվանդանոց տեղափոխելու կադրերը:
Կադրերում երևում է, թե ինչպես է Միխեիլ Սաակաշվիլին հրաժարվում դուրս գալ շտապօգնության մեքենայից, ինչից հետո նրան բռնի ուժով հանում են մեքենայից։ Ըստ կադրերի՝ բանտի աշխատակիցները Միխեիլ Սաակաշվիլիին ձեռնաշղթաներ են անցկացնում և տեղափոխում բանտային հիվանդանոց։ Տեսանյութում երևում է, որ վերջինս կիսամերկ է։
Նաև տարածվեց լուսանկար և տեսանյութ՝ հիվանդասենյակ մտնելուց անմիջապես հետո, որում երևում է, որ Սաակաշվիլին նախ բղավում է Քրեակատարողական ծառայության աշխատակիցների վրա, իսկ հետո տեղի է ունենում քաշքշուկ։ Բացի այդ, տեսանյութում երևում է, թե ինչպես է Սաակաշվիլին գցում բժշկական սարքերից մեկը։
Արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն այսօր կայացած ճեպազրույցում խոսել է տարածված կադրերի մասին։
«Բանտարկյալը չի ենթարկվել մեր աշխատակիցների օրինական հրամանին՝ ռեանոմոբիլից (շտապօգնության հատուկ մեքենայից) դուրս գալու ժամանակ։ Այս ընթացքում նա ֆիզիկական և բանավոր ճնշում է կիրառել մեր աշխատակիցների նկատմամբ։ Այժմ այս գործով հետաքննություն է սկսել է և՛ Քրեակատարողական ծառայությունը, և՛ Արդարադատության նախարարության գլխավոր տեսչությունը»,- նշել է արդարադատության նախարարը։
Այս կադրերին անդրադարձան ինչպես հասարակական կազմակերպություններ, այդպես էլ անհատներ։ «Ռազմավարությունը` շինարարի» կուսակցության ղեկավար Գիորգի Վաշաձեի կարծիքով՝ Միխեիլ Սաակաշվիլիին բանտային հիվանդանոց տեղափոխելու կադրերն ամենածանրն են, և պարզ երևում է, թե ինչ անմարդկային վերաբերմունք են ցուցաբերում նախկին նախագահի նկատմամբ։
Empathy կազմակերպությունը ևս հանդես եկավ հայտարարությամբ` որակելով այս դեպքը մարդու իրավունքների խախտում։
«Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հրապարակած տեսագրությունը միայն հաստատում է, որ Միխեիլ Սաակաշվիլիին բռնի կերպով են տեղափոխել բանտային հիվանդանոց՝ խախտելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածը», — նշված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ առողջական վիճակի վատթարացման պատճառով, հացադուլ հայտարարած Միխեիլ Սաակաշվիլիին նոյեմբերի 8-ին տեղափոխել են Գլդանիի 18-րդ բանտային հիվանդանոց։
Տաթև Խոցանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր