Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ պատվաստման «կանաչ անձնագրերը» կտրվեն դեկտեմբերի 1-ից։
Ղարիբաշվիլիի խոսքով՝ «կանաչ» կարգավիճակ կունենա այն անձը, ով երկու անգամ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, համավարակի ընթացքում վարակվել է կորոնավիրուսով կամ վերջին 72 ժամվա ընթացքում PCR և 24 ժամվա ընթացքում արագ թեսթի բացասական պատասխան ունի։
«Մենք համակարգող խորհրդի նիստում քննարկել ենք «կանաչ անձնագրերի» ներդման հարցը։ Դեկտեմբերի 1-ից կգործարկվի համակարգը։ «Կանաչ անձնագրի» պահանջը կգործի 18 տարեկանից բարձր անձանց, ինչպես նաև զբոսաշրջիկների համար։
Խորհրդի որոշմամբ քաղաքացիները կարող են տարբեր օբյեկտներ մուտք գործել միայն կանաչ անձնագրով։ Դրանք են՝ սննդի, ժամանցի կենտրոններ, կինոթատրոններ, օպերային թատրոններ, թանգարաններ, համերգային դահլիճներ, խաղատներ և այլն»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։
Հիշեցնենք՝ օրեր առաջ Վրաստանի Առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան հայտարարել էր, որ աշխատանքներ են տարվում «կանաչ անձնագրի» ներդրման ուղղությամբ։
Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր