Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ «եթե ընդդիմությունը ցանկանում է իրական բանավեճ անցկացնել, ապա դրա տեղը խորհրդարանն է»։ Այս մասին վարչապետն ասել է կառավարության այսօրվա նիստում։
«Մենք հիմա ունենք խաղաղ զարգացման եռամյա շրջան, և ես ուզում եմ կոչ անել բոլորին, այդ թվում՝ ընդդիմությանը, գիտակցել դա: Ժամանակն է մեր նեղ կուսակցական շահերը վեր չդասել երկրի շահերից», — ասել է Ղարիբաշվիլին:
Ըստ վարչապետի, գլխավորը պետք է լինի ժողովրդի, պետական շահը, և ոչ թե նեղ կուսակցական շահերը։ Հետեւաբար, եթե ընդդիմությունը ցանկանում է գործը քննարկել, իրական բանավեճ անցկացնել, տեղը խորհրդարանն է։
«Մենք՝ նախարարների կաբինետը, կառավարությունը պատրաստ ենք կառուցողական համագործակցել նաև ընդդիմության հետ, քանի որ սա մեր ընդհանուր երկիրն է, մեր հաղթանակը մեր ընդհանուր հաղթանակն է», — հավելել է վարչապետը:
Նշենք՝ խորհրդարանական ընդդիմադիր «Լելո» կուսակցությունը կարծում է, որ Վրաստանում առկա է քաղաքացիական բախումների վտանգ, ուստի դիմում է կառավարությանը՝ երկխոսություն սկսել իրավիճակը դեէսկալացնելու համար։
Կուսակցությունը նոյեմբերի 8-ի հայտարարության մեջ նշել է, որ «ՏԻՄ ընտրություններից հետո երկրում լարվածությունն օրեցօր աճում է նախագահ Սաակաշվիլիի հացադուլի ֆոնին»։
Հավելենք նաև՝ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Նիկա Մելիան երեկ ասել է, որ եթե կառավարությունը 24 ժամվա ընթացքում նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին չտանի քաղաքացիական կլինիկա, նոյեմբերի 8-ից բողոքի ակցիաները կշարունակվեն։
Մելիայի խոսքով, այսօր ժամը 20:00-ին ընդդիմությունը հերթական բողոքի ցույցն է անցկացնելու Ազատության հրապարակում։