Աշխարհահռչակ վրացի օպերային երգիչ Պաատա Բուրճուլաձեն ֆեյսբուքյան էջում դիմելով իշխող «Վրացական երազանքին», հայտարարել է՝ պատրաստ է Միխեիլ Սաակաշվիլիի փոխարեն կրել պատիժը։
«Ամեն ինչ սահման ունի, դա այլեւս չի կարելի հանդուրժել․ ես չեմ ուզում մեղսակից դառնալ Վրաստանի երրորդ նախագահի սպանությանը։ «Վրացական երազա՛նք», շարունակ խախտում եք օրենքները, հաղթում եք պարտված ընտրություններում, ձերբակալում անմեղ մարդկանց, դատում ձեր դատարանում։ Խնդրում եմ ևս մեկ անգամ խախտել օրենքը՝ ինձ հնարավորություն տալու երրորդ նախագահի փոխարեն բանտում կրել պատիժը», -գրել է Բուրճուլաձեն՝ հավելելով, որ խնդրանքը կատարելու դեպքում հենց այսօր կժամանի Վրաստան։
Բուրճուլաձեն նաև կոչ է արել ապահովել Սաակաշվիլիի բուժումը բազմաֆունկցիոնալ հիվանդանոցում:
Վրացի օպերային երգիչը, որը տարիներ առաջ քաղաքականություն էր մտել՝ պայքարելու ներկա իշխանությունների դեմ, ասել է, որ կատարելով իր խնդրանքը՝ վերջիններս երկու մեծ բան կանեն՝ Վրաստանը թույլ չեն տա ընդգրկվել վայրի երկրների ցանկում, և հաճույք կպատճառեն Բիձինա Իվանիշվիլիին (իշխող «Վրացական երազանքի» հիմնադիր, խմբ․)։ «Վերջինս կունենա միաժամանակ երկու բանտարկյալ, որոնց տանել չի կարողանում»,- ֆեյսբուքյան էջում գրել է Բուրճուլաձեն։
Նշենք, որ «Իավնանա» (օրորոցային) հիմնադրամի հիմնադիր, հայտնի բաս երգիչ Պաատա Բուրճուլաձեն 2018 թվականից մեղադրվում է իր իսկ ղեկավարած հիմնադրամի փողերի յուրացման մեջ։
Տաթև Խոցանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր