ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի նորանշանակ տեղակալ Էրիկա Օլսոնը կայցելի Հարավային Կովկաս։ Տեղեկությունը տարածում է Վրաստանում ԱՄՆ դեսպանությունը:
Նշվում է, որ Օլսոնը տարածաշրջանային համագործակցությունը խթանելու և երկկողմ հարցեր քննարկելու նպատակով կայցելի Հայաստան, Ադրբեջան և Վրաստան։
Նոյեմբերի 2-4-ը Օլսոնը Երևանում կմասնակցի հարավկովկասյան տարածաշրջանի՝ ԱՄՆ առաքելությունների ղեկավարների համաժողովին։ Համաժողովին մասնակցում են Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը, Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Լի Լիթցենբերգերը, ինչպես նաև կովկասյան բանակցությունների հարցերով գլխավոր խորհրդատու Էնդրյու Շոֆերը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության վաշինգտոնյան գրասենյակի փոխտնօրեն Ալեքսանդր Սոկոլովսկին:
«Մենք ակնկալում ենք ակտիվացնել տարածաշրջանում մեր հանդիպումները, մտքեր, տեղեկատվություն փոխանակելը, ինչպես նաև բարելավել մեր քաղաքականությունը տարածաշրջանի երեք երկրների նկատմամբ», — ասված է Վրաստանում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ։
Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր