Որոշ ընտրատեղամասերում վերահաշվարկ է ընթանում

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների երկրորդ փուլի արդյունքների վերահաշվարկ կանցկացվի շուրջ 140 ընտրատեղամասում։ Այս ընթացակարգը նախատեսված է Վրաստանի Ընտրական օրենսգրքով։

Վերահաշվարկը կսկսվի ժամը 17:00-ին: Մեկ օր առաջ՝ հոկտեմբերի 31-ին, Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Գիորգի Կալանդարիշվիլին դիմել է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին՝ պարտադիր 5 ընտրատարածքների փոխարեն 7-ի արդյունքները վերահաշվարկելու առաջարկով։

Վերահաշվարկին կարող են մասնակցել դիտորդական կազմակերպությունների, ընտրական սուբյեկտների և լրատվամիջոցների ներկայացուցիչները։ Նրանք ընտրատեղամասեր մուտք գործելուց առաջ կորոնավիրուսի թեստ կհանձնեն։ Վերահաշվարկի արդյունքում մշակված տվյալները և գործընթացի տեսագրությունները կհրապարակվեն ԿԸՀ-ի պաշտոնական կայքում։ ԿԸՀ-ն վստահեցնում է, որ վերահաշվարկի ընթացակարգը զգալիորեն նպաստում է գործընթացի թափանցիկությանը։

Ընդդիմությունը, սակայն, պահանջում է նաև վերահաշվարկ կատարել մի շարք այլ ընտրատարածքներում ևս, որտեղ մեծ թվով անվավեր քվեաթերթիկներ են հայտնաբերվել։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին Վրաստանի 64 մունիցիպալիտետներից 20-ում կայացավ ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլը։ ԿԸՀ-ի հրապարակած նախնական արդյունքների համաձայն՝ «Վրացական երազանքի» թեկնածուները հաղթել են 19 քաղաքում, միայն մեկում՝ Ծալենջիխայում «Ազգային շարժման» թեկնածուն է հաղթել։

Մեծամասնական ընտրակարգով ընտրություններ են անցկացվել 42 ընտրատարածքներում՝ 24 մունիցիպալիտետներում, որոնցից 27-ում հաղթել են «Վրացական երազանք»-ի, իսկ 15-ում՝ «Միացյալ ազգային շարժում», «Գախարիան Վրաստանի համար», «Ազատ Վրաստան» և «Եվրոպական սոցիալիստների» կուսակցությունների թեկնածուները։ Երկրորդ փուլում ընտրողների մասնակցության ակտիվությունը կազմել է 49,09 տոկոս։

Տաթև Խոցանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր