Այսօր Վրաստանի որոշ շրջաններում անց է կացվում տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների երկրորդ փուլը։ Ընտրատեղամասերն առավոտյան ժամը 08:00-ից բաց են ընտրողների առաջ:
Երկրորդ փուլում ընտրողներին կսպասարկի 1830 ընտրատեղամաս։ Ստեղծվել են նաև հատուկ տեղամասեր, որոնք կապահովեն այն ընտրողների մասնակցությունը, ովքեր կարանտինում կամ ինքնամեկուսացման մեջ են:
ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլ է անցկացվում 5 խոշոր քաղաքներում՝ Թբիլիսիում, Փոթիում, Ռուսթավիում, Քութայիսիում և Բաթումիում, 15 համայնքներում և 24 ընտրատարածքներում: Քաղաքացիներն ընտրում են 20 քաղաքապետի և ավագանիների 42 մեծամասնական անդամների։
Հատկանշական է, որ առաջին փուլում՝ վերոնշյալ վայրերում, թեկնածուներից ոչ մեկը չի հաղթահարել անցողիկ 50 տոկոսանոց շեմը, որի պատճառով էլ հարկ եղավ անցկացնել ընտրությունների երկրորդ փուլ։
Նշենք նաև, որ ընդդիմությունը ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլից առաջ միավորվել է։ Մասնավորապես, ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ, Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Նիկա Մելիան ընդդիմադիր գործընկերներից որոշների թեկնածությունն է առաջադրել։ Ըստ Մելիայի՝ բոլոր խնդիրների լուծման ճանապարհը բազմազանությունն է: Նա նշում է՝ պատմության մեջ առաջին անգամ Թբիլիսիի տեղական ինքնակառավարման մարմիններում կլինի կոալիցիոն թիմ։
ՏԻՄ ընտրությունների առաջին փուլում քվեարկությանը մասնակցությունը կազմել է 51,92%, այսինքն 1,815,776 ընտրող կատարել է քաղաքացիական պարտքը:
ՏԻՄ ընտրությունների առաջին փուլը կայացել է հոկտեմբերի 2-ին։
Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր