Մառնեուլիի շրջանի Դամիա գյուղի հանրակրթական դպրոցում հոկտեմբերի 28-ին նշեցին «Չուրչխելոբան», որն այս տարածքում արդեն իսկ ավանդական տոնի է վերածվում: Նախորդ տարիներին ևս Դամիայում նմանատիպ միջոցառումներ են անցկացվել:
Աշնանային արևի ջերմ շողերի ներքո՝ ուսուցիչների ակտիվ ներգրավվածությամբ՝ կաթսայում եփեցին շփոթը (խաղողի հյութով ու ալյուրով պատրաստված քաղցրահամ մածուկը), իսկ հետո աշակերտներն իրենց իսկ ձեռքով թելի վրա շարած ընկույզները թաթախեցին շփոթի մեջ՝ ստանալով անմահական չուրչխելաներ։
Տոնն էլ ավելի գունավորվեց աշակերտների պարային համարների շնորհիվ։ Աշակերտների կողմից նաև ներկայացված էր գեղեցիկ նկարչական կոմպոզիցիաներ։
Նախագծի հեղինակը՝ մաթեմատիկա առարկայի ուսուցչուհի Մայա Մխիթարյանն «Ալիք մեդիայի» հետ զրույցում ասում է, թե շատ միջոցառումների գաղափարներ կան, թեև խուսափելով դատողություններից հաճախ չէ, որ իրականացնում է։
«Օնլայն դասերից հետո նման միջոցառումն աշակերտներին մի փոքր դրական լիցքեր կտա, կաշխուժացնի դպրոցական կյանքն ու ինչու չէ, նաև հետաքրքրություն կառաջացնի վրացական մշակույթի նկատմամբ», — մեզ հետ զրույցում ասում է ուսուցչուհին։
Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր