Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Էստոնիայի պաշտպանության նախարար Կալե Լաանետին այցելել է Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի տարածքում գտնվող Օձիսի գյուղի հետ շփման գիծ։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը:
Պետական անվտանգության ծառայության տեղեկատվական-վերլուծական վարչության ներկայացուցիչն Էստոնիայի պաշտպանության նախարար Կալե Լաանետին մանրամասն ներկայացրել է օկուպացիայի հետևանքով տիրող անմխիթար իրավիճակը:
«Էստոնիան մշտապես հայտարարել է, որ աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը, իհարկե, շատ ցավալի է տեսնել, թե ինչ է կատարվում վերահսկվող տարածքից դուրս: Ցավալի է, որ Վրաստանի տարածքի 20 տոկոսը գտնվում է ռուսական պաշտպանության ուժերի վերահսկողության տակ։ Անշուշտ, մենք փորձում ենք ամեն ինչ անել Վրաստանի միավորման համար», — ասել է Կալե Լաանետը։
Էստոնիայի պաշտպանության նախարար Կալե Լաանետը երկօրյա պաշտոնական այցով է Վրաստանում։
Այցի շրջանակներում կայացել են հանդիպումներ Վրաստանի ազգային գվարդիայում, կիբերանվտանգության բյուրոյում և ՆԱՏՕ-Վրաստան համատեղ ուսուցման և գնահատման կենտրոնում։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև երկկողմ համագործակցության աճող դինամիկան և ապագա հեռանկարները։ Կարևորվել է Էստոնիայի աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, ինչպես նաև ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին ինտեգրմանը։
Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի խեսքով՝ կողմերը պայմանավորվել են շարունակել սերտ համագործակցությունը երկրների միջև։ Իսկ Կալե Լաանետի խոսքով՝ Վրաստանն ու Էստոնիան շատ լավ ռազմական համագործակցություն ունեն։ Նա ընդգծել է ապագայում պաշտպանական ոլորտում երկստեք սերտ համագործակցությունն ու փորձի փոխանակումն ակտիվորեն շարունակելու մասին։
Ասյա Բալասանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր