Վրաստանի երրորդ նախագահ, այս պահին կալանավորված Միխեիլ Սաակաշվիլին արդեն 26 օր է հացադուլի մեջ է։ Սաակաշվիլիի փաստաբան Գիորգի Գելխաուրին հայտնել է, որ Սահակաշվիլիի առողջական վիճակը վատ է, և կարող է ավելի սրվել, մինչդեռ իշխանությունները նրան քաղաքացիական կլինիկա տեղափոխել չեն ցանկանում, ավելին՝ նախարարը հայտնել է, որ քրեակատարողական հիմնարկից քաղաքացիական կլինիկա են տեղափոխում միայն վիրահատության անհրաժեշտության դեպքում։
Փաստաբանը նշել է, որ Սաակաշվիլիի մասին հոգ են տանում վրաց բժիշկները, և նախկին նախագահն իր շնորհակալություն է հայտնել նրանց՝ իր կյանքը երկու անգամ փրկելու համար։ Ուկրաինական կողմը ևս մտահոգ լինելով Սաակաշվիլիի առողջությամբ՝ քայլեր է ձեռնարկում, մասնավորապես՝ երեկ ժամանել է հոլանդացի բժիշկ, իսկ վաղը կժամանի ուկրաինացի ռեանիմատոլոգ։
Փաստաբանի խոսքով՝ օտարերկրյա բժիշկները կխորհրդակցեն Սաակաշվիլիի անձնական բժշկի հետ և դրանից հետո որոշումներ կկայացնեն։
Մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակի վերաբերյալ, որում ասվում է, որ կառավարությունը պետք է լուծի նրա հոսպիտալացման հարցը ոչ թե քաղաքական նպատակահարմարությամբ, այլ միայն մարդու իրավունքների, առողջության պաշտպանության բարձր մակարդակով։
«Վրաստանի արդարադատության նախարարության կողմից հրավիրված և որակավորված բժիշկների խորհրդի եզրակացության համաձայն՝ Միխեիլ Սաակաշվիլին պետք է հոսպիտալացվի՝ համապատասխան անձնակազմով և բժշկական սարքավորումներով համալրված հիվանդանոցում։ Վրաստանի հանրային պաշտպանի եզրակացության համաձայն՝ N18 հաստատությունը (այսպես կոչված՝ բանտային հիվանդանոց) բժշկական օգնության առումով լիովին չի համապատասխանում բժիշկների բազմաֆունկցիոնալ խմբի կողմից տրված առաջարկություններին, ինչը Սաակաշվիլի կյանքի համար կարող է վտանգավոր լինել»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հայտարարության տակ ստորագրել են մի շարք ՀԿ-ներ, մասնավորապես՝
- Կառավարման մոնիտորինգի կենտրոն (GMC),
- Բաց հասարակության հիմնադրամ (OSGF),
- Ժողովրդավարության և անվտանգ զարգացման ինստիտուտ (IDSD),
- Մարդու իրավունքների կենտրոն (HRC),
- Թրանսփարենսի Ինթերնեյշնլ Վրաստան ( TI) և այլն։
Սաակաշվիլիի առողջական վիճակին անդրադարձել են նաև մի շարք ընդիմադիր կուսակցություններ։
Ընդդիմադիր Ժողովրդական կուսակցության առաջնորդ Անա Դոլիձեն կոչ է արել «Միացյալ ազգային շարժմանը» անհապաղ օգտագործել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 39-րդ հոդվածով նախատեսված ժամանակավոր ընթացակարգը, դիմել Ստրասբուրգի դատարան և խնդրել Սաակաշվիլիին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց։ Դոլիձեն հուսով է, որ Ստրասբուրգի դատարանն անմիջապես կքննարկի Սաակաշվիլիի փաստաբանների բողոքը։
«Մենք չենք հավատում, որ իշխող «Վրացական երազանքն» ու Ղարիբաշվիլին չեն հասկանում, թե ինչ պատասխանատվություն են կրում Սաակաշվիլիի կալանավորման և առողջության համար։ Մենք կարծում ենք, որ Սահակաշվիլիին պետք է դատել, բայց միևնույն ժամանակ նա պետք է պաշտպանված լինի, պետք է պաշտպանվի նրա առողջության և կյանքի իրավունքը»,- ասել է Դոլիձեն:
Ընդիմադիր «Լելո» քաղաքական միավորումը ևս պահանջել է Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին տեղափոխել քաղաքացիական կլինիկա։ Ըստ կուսակցության հայտարարության՝ օրեցօր ավելանում է իրավիճակի կտրուկ սրման վտանգը։ Նրանք պահանջել են Միխեիլ Սաակաշվիլիին անհապաղ տեղափոխել պատշաճ կահավորված քաղաքացիական պրոֆիլի կլինիկա, որտեղ նրա կյանքն ու անվտանգությունը երաշխավորված կլինեն։
«Միացյալ ազգային շարժման» առաջնորդ Նիկա Մելիան էլ լրագրողների հետ զրույցում ասել է, որ անհնար է բացատրել, թե ինչու է «Վրացական երազանքն» այդքան համառ և ինչու Սաակաշվիլիին չի հոսպիտալացնում քաղաքացիական բուժհաստատությունում, եթե այլ չար մտադրություններ չունեն։
Նրա խոսքով, Միխեիլ Սահակաշվիլիի առողջության ու կյանքի ողջ պատասխանատվությունն ու բեռը կրում են «Վրացական երազանք»-ը և Բիձինա Իվանիշվիլին։
Առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեն էլ հայտարարել է, որ այս փուլում Միխեիլ Սաակաշվիլին քաղաքացիական կլինիկա տեղափոխվելու կարիք չունի։
Նա նաև նշել է, որ բանտային հիվանդանոցը բավարարում է Սաակաշվիլիի համար անհրաժեշտ բոլոր պայմանները։
«Հիվանդը գտնվում է մշտական հսկողության տակ։ Հիմա էլ, բացի խորհրդից, նրա առողջությանը մշտապես հսկում է այնտեղի բուժանձնակազմը։ Ուստի, բոլոր ռիսկերը նվազագույնի են հասցվում։ Նրա անձնական բժիշկը որևէ սահմանափակում չունի, նա կարող է օրվա ցանկացած ժամի այցելել ու լինել հիվանդի հետ և համապատասխան եզրակացություն անել»,- ասել է Տիկարաձեն։
Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր