Պատվաստումներն ու բացասական թեստի արդյունքները հաստատող կեղծ անձնագրեր պատրաստելու և օգտագործելու համար 9 անձ է բերման ենթարկվել, նրանցից մեկը ձերբակալվել է։
Քննչական ծառայության տվյալներով՝ կեղծ փաստաթղթեր պատրաստելու և օգտագործելու դեպքերը տեղի են ունեցել Թբիլիսիում և Իմերեթիի շրջանում։
Նշվում է, որ մի դեպքում մեղադրյալը Թբիլիսիում տեղակայված տուրիստական ընկերությունում, չպատվաստված քաղաքացու արտերկիր մեկնելու համար՝ պարտադիր կարանտինից խուսափելու նպատակով պատրաստել է երկու կեղծ քովիդ անձնագիր՝ յուրաքանչյուրը 70 եվրոյի դիմաց, որում մուտքագրել է կեղծ տվյալներ փաստաթղթի ստացողի կողմից անցկացված ամբողջական պատվաստման ընթացքի և համապատասխան լաբորատոր հետազոտությունների բացասական արդյունքների մասին, որից հետո փաստաթղթերը հաստատել է Վրաստանի արդարադատության նախարարությանը կից Արդարադատության տան կեղծ կնիքով։
Ըստ Քննչական ծառայության՝ երկրորդ դեպքում Իմերեթիի շրջանում բացահայտվել է ութ քաղաքացի, ովքեր պետական սահմանը հատելիս՝ կորոնավիրուսի փոխանցման կանոնակարգերից խուսափելու համար, գնել և օգտագործել են բժշկական հաստատությունների կողմից տրված կեղծ PCR փաստաթղթեր։
Կեղծ փաստաթղթերի պատրաստման և օգտագործման մեջ մեղադրվողներին սպառնում է մինչև երեք տարվա ազատազրկում:
Նշենք նաև, որ Վրաստանում գործող ընդամենը մեկ լաբորատորիայի անունից մինչև հարյուր կեղծ PCR թեստ է տրվել: Այս փաստի մասին «Նեոլաբ» լաբորատորիան ներքին գործերի նախարարությանը տեղեկացրել է փետրվարին:
Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր