Իշխող «Վրացական երազանք»֊ը հոկտեմբերի 27֊ին՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների երկրորդ փուլից առաջ հանրահավաք կանցկացնի։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն․
«Վերջին օրերին վարչապետի հետ շրջել ենք այն համայնքներում, որտեղ ընտրությունների երկրորդ փուլ է անցկացվելու։ Տրամադրությունը մարտական է, ամեն ինչ արվելու է, որպեսզի «Վրացական երազանք»֊ի թեկնածուներն արժանի հաղթանակ տանեն բոլոր 20 մունիցիպալիտետներում։ Մեր կուսակիցներին, համակիրներին և քաղաքացիներին կոչ ենք անում զգոն լինել՝ հոկտեմբերի 2֊ի հաղթանակն ավարտին հասցնելու համար»։
Կոբախիձեն նշել է, որ իշխող ուժի կողմից հանրահավաք հրավիրելու նպատակն է ևս մեկ անգամ ցույց տալ «վրաց ժողովրդի ուժը, որը պայքարում է հանուն չարի վերջնական պարտության, հանուն մեր երկրի առաջընթացի և զարգացման»։ Նրա խոսքով հոկտեմբերի 2֊ին (ՏԻՄ ընտրությունների առաջին փուլում) ստացած 47 տոկոս վստահության քվեն մեծ պատասխանատվություն է՝ առաջիկա երեք տարիներին երկրի և ժողովրդի վիճակը բարելավվելու։
«Այս հաղթանակը կամփոփվի հոկտեմբերի 30֊ին։ Բոլոր նրանք, ովքեր գնահատում են մեր երկրի ապագան՝ խաղաղությունը, կայունությունը և զարգացումը, սպասում ենք ազատության հրապարակում» — ասել է Կոբախիձեն։
Տիրուհի Համազարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր