Վրաստանում գործող վստահելի բժշկական լաբորատորիաների անունից տրվում են կեղծ կորոնավիրուսային PCR թեստեր։ Ընդամենը մեկ լաբորատորիայի անունից մինչև հարյուր կեղծ PCR թեստ է տրվել: Այս փաստի մասին «Նեոլաբ» լաբորատորիան ներքին գործերի նախարարությանը տեղեկացրել է փետրվարին:
Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածով, որը նախատեսում է կեղծ փաստաթղթերի տպագրություն, կնիքի կամ բլանկի պատրաստում, իրացում կամ օգտագործում։ Գերատեսչության տվյալներով այժմ քննչական գործողություններ են իրականացվում, դեռևս մանրամասները հայտնի չեն։
Հիշեցնենք, որ սույն թվականի մայիսին ևս արձանագրվել էր նման դեպք, ոստիկանություն էր դիմել մեկ այլ լաբորատորիայի՝ «Լաբունոյի» ղեկավարը՝ բողոքով, որ իրենց լաբորատորիայի անունից ևս պատրաստվում են կեղծ PCR թեստեր։
Տաթև Խոցանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր