Վրաստանում կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները դեռևս ոչ միշտ են «հասնում» էթնիկ փոքրամասնությունների լեզուները դասավանդող ուսուցիչներին, մինչդեռ իրավիճակը հարթելու տարբեր ծրագրեր են ներկայացվում։ Նմանատիպ ծրագրերի շրջանակներում երեկ հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Վրաստանի կրթության և գիտության նախարարության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր, որն էլ ենթադրում է մի շարք ոլորտներում համագործակցության ընդլայնում:
Ըստ վրաստանյան բարեփոխումների՝ հանրակրթական դպրոցների ուսուցիչները պետք է առարկայական և մասնագիտական ունակությունների քննություն հանձնեն և կարգավիճակ ստանան։ Այս գործընթացի նկատելի գործոն է նաև այն, որ կարգավիճակ ստացող ուսուցիչների աշխատավարձերը շեշտակի ավելանում են։ Սակայն այս գործընթացը չի վերաբերում հայալեզու և ադրբեջանալեզու դպրոցների մայրենի լեզու և գրականություն առարկաների ուսուցիչներին, և վերջիններս որակավորման գործընթացից ուղղակիորեն դուրս են մղված։
Հիշեցնենք՝ ավելի վաղ «Ալիք Մեդիան» անդրադարձել էր Մառնեուլի շրջանի Դամիա գյուղի հայալեզու դպրոցի ուսուցչուհի Լյուդմիլա Նալբանդյանի՝ այն ժամանակվա ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին ուղղված բաց նամակին։
«Կազմակերպե՛ք դասընթացներ, քննություններ, մենք էլ սերտիֆիկատացվենք, լիարժեք աշխատենք։ Հույս ունեմ, որ կօգնեք մեզ մեր հայրենանվեր գործը շարունակենք», — իր նամակում գրել էր հայերենի ուսուցչուհին։
ՀՀ ԿԳՄՍ նախարարն այն ժամանակ ասել էր, որ կզբաղվեն այդ հարցով։
Տևական լռությունից հետո երեկվա հուշագրի տեսքով նորությունը նոր հույսեր է արթնացրել։
Ըստ հուշագրի՝ համագործակցությունը կընդլայնվի մի քանի ուղղությամբ. կողմերը կնպաստեն երկու երկրների ուսուցիչների վերապատրաստման և գնահատման համակարգերի կատարելագործման նպատակով փորձի փոխանակմանը, ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող գնահատման և թեստավորման կենտրոնն աջակցություն կցուցաբերի 100 հարցերից բաղկացած առաջադրանքների բանկի մշակմանը՝ նախատեսված Վրաստանի դպրոցներում աշխատող հայոց լեզվի և գրականության ուսուցիչների մասնագիտական որակավորման քննության համար:
Ուսուցիչների մասնագիտական որակավորման վերաբերյալ «Ալիք մեդիայի» հետ զրույցում Վրաստանում ՀՀ դեսպանությունից ասում են, որ դեռևս վաղ է խոսել հստակ ժամկետների մասին, թեև աշխատանքներ տարվում են:
«Գործընթացը գտնվում է դեռ սկզբնական փուլում: Հուշագրի շրջանակներում կիրականացվեն անհրաժեշտ աշխատանքներ ուսուցիչների վերապատրաստման և որակավորման ուղղությամբ՝ առաջին հերթին Վրաստանի դպրոցներում աշխատող հայոց լեզվի և գրականության ուսուցիչների մասնագիտական որակավորման քննության մասով», — «Ալիքին» հայտնեցին դեսպանությունից:
«Ալիք Մեդիային» Դամիա գյուղի դպրոցի հայերենի ուսուցչուհի Լյուդմիլա Բադալյանն (Նալբանդյան) ասում է՝ «թող ատեստավորման մեջ 100 հարց չլինի, լինի 200 և ավելին, միայն թե լինի ատեստավորում»։ Ըստ ուսուցչուհու՝ այս դեպքում անգամ աշխատավարձը կարևոր չէ, առաջնայինը՝ հայերենի պահպանման հարցն է։
«Վրաստանի հայերենի ուսուցիչների համար այն կլինի գերազանց նախագիծ։ Այսինքն ոչ միայն ուսուցիչների, այլև աշակերտների համար, որովհետև եթե նախկինում աշակերտները դպրոցն ավարտելուց հետո ընդունվում էին ՀՀ բուհեր, հիմա հակվածություն կա Վրաստանում ուսումը շարունակելու, ինչի արդյունքում զարկ է տրվում վրացերենի ուսուցմանը, սակայն այս դեպքում էլ հայոց լեզուն կորցնում է իր կարևորությունը», — «Ալիքին» ասում է Լյուդմիլա Բադալյանը (Նալբանդյան)։
Հայոց լեզվի ուսուցչուհին նաև ասում է, որ այս գործընթացը դրական ազդեցություն կունենա նաև այն առումով, որ հայոց լեզվից և գրականությունից բացի հայերենի ուսուցիչները աշակերտներին նաև հայոց պատմության, մշակույթի հետ կկարողանան ծանոթացնել։
«Սա հուշագիր է՝ հանուն փրկության», — ասում է հայերենի ուսուցչուհին։
Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր