Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն երկրի արդարադատության հետ կապված խնդիրների մասին բարձրաձայնող եվրապատգամավորներին ընդդիմադիր «Ազգային շարժում» կուսակցության լոբբիստներ է անվանել:
Ըստ Կոբախիձեի՝ եվրապատգամավորները քաղաքականացնում են Վրաստանի արդարադատության հետ կապված խնդիրները։
«Մենք թույլ չենք տա որևէ մեկին, այդ թվում՝ կոնկրետ Եվրախորհրդարանին, որոնք իրականում «Ազգային շարժման» լոբբիստներ են, Վրաստանում քաղաքականացնել արդարադատությունը»,- ասել է Կոբախիձեն` Եվրախորհրդարանի պատգամավորներին։
Չնայած Եվրախորհրդարանի պատգամավորների քննադատությանը, Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին առնվազն վեց տարի բանտում կլինի:
Նշենք, որ ավելի քան 70 եվրոպացի քաղաքական գործիչներ մի քանի օր առաջ հայտարարություն են տարածել՝ պահանջելով ազատ արձակել Սաակաշվիլիին։
«Ամեն օր, երբ վրացական կառավարությունը շարունակում է քաղաքական դրդապատճառներով հետապնդումներն իր քաղաքական մրցակիցների և նախորդների նկատմամբ, այդ ևս մեկ օր է, որը վատթարացնում է Վրաստանում ծայրահեղ քաղաքական բևեռացման ցիկլը՝ անհնար դարձնելով քաղաքական ուժերի միավորումը ռազմավարական ազգային առաջնահերթությունների շուրջ»,- ասված է նամակում։
Նամակում քաղաքական գործիչները նաև ընդգծել են, որ ծայրահեղ քաղաքական բևեռացումը ոչնչացնում է ժողովրդավարական ինստիտուտները, ինչը Վրաստանի համար լավագույն պաշտպանությունն է այն սպառնալիքներից, որոնց բախվում է երկիրը։
Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր