«Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հերթական անգամ ցույց տվեց, որ Վրաստանը գտնվում է պատմության ճիշտ կողմում», — այս կերպ է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արձագանքել օգոստոսյան պատերազմի վերաբերյալ Ստրասբուրգի դատարանի վերջին որոշմանը:
Թվիթերյան իր միկրոբլոգում նախագահ Զուրաբիշվիլին գրել է, որ «բողոքարկումների անթույլատրելիության վերաբերյալ Ստրասբուրգի դատարանի որոշումը ևս մեկ կարևոր իրավական հաղթանակ է մեր խաղաղ ապաօկուպացիայի ճանապարհին»:
In “Bekoeva and Others v. Georgia" and "Shavlokhova and Others v. Georgia”, Georgia was once again shown on the right side of history by the #ECHR.
The Strasbourg court ruling the appeals inadmissible is yet a new judicial important victory on our path to peaceful deoccupation
— Salome Zourabichvili (@Zourabichvili_S) October 21, 2021
Հիշեցնենք` Վրաստանը Ստրասբուրգի դատարանում հերթական հաղթանակն է տարել 2008 թվականի Օգոստոսյան պատերազմի հետ կապված, այս մասին հայտնել է Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Բեկոևան և ուրիշներն ընդդեմ Վրաստանի» և «Շավլոխովան և ուրիշներն ընդդեմ Վրաստանի» գործերի հետ կապված վճիռ է կայացրել՝ վերջիններիս բողոքները համարելով անվավեր։
Նշենք, որ 2008 թվականի օգոստոսի 7-12-ը տեղի ունեցավ զինված հակամարտություն Վրաստանի, Ռուսաստանի Դաշնության և վերջինիս ռազմական աջակցությունը վայելող Աբխազիայի և Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետությունների միջև, որից հետո Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը՝ վերցնելով իր պաշտպանության հովանու տակ և տեղակայելով իր ռազմակայանները։