Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի հոկտեմբերի 30-ին։
ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի 5 քաղաքներում՝ Թբիլիսիում, Փոթիում, Ռուսթավիում, Քութայիսիում և Բաթումիում, 15 համայնքներում և 24 ընտրատարածքներում: Քաղաքացիներն ընտրելու են 20 քաղաքապետի և ավագանիների 42 մեծամասնական անդամների։
Առաջին փուլում՝ վերոնշյալ վայրերում, թեկնածուներից ոչ մեկը չի հաղթահարել անցողիկ 50 տոկոսանոց շեմը, որի պատճառով էլ հարկ եղավ անցկացնել ընտրությունների երկրորդ փուլ։
Հատկանշական է, որ ըստ ընտրական օրենսգրքի՝ թեկնածուներն իրավունք ունեն իրենց թեկնածությունը հանել ընտրություններից 12 օր առաջ, սակայն այս օրենքն ընտրությունների երկրորդ փուլի դեպքում չի գործում։
Երկրորդ փուլում ընտրողներին կսպասարկի 1830 ընտրատեղամաս։ Ստեղծվել են նաև հատուկ տեղամասեր, որոնք կապահովեն այն ընտրողների մասնակցությունը, ովքեր կարանտինում կամ ինքնամեկուսացման մեջ են:
Համապատասխան ԸԸՀ-ներն արդեն սկսել են ընտրությունների երկրորդ փուլի նախապատրաստական աշխատանքները։
Ընդդիմությունը ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլից առաջ որոշել է միավորվել։ Մասնավորապես, հոկտեմբերի 30-ին կայանալիք ընտրություններին ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ, Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Նիկա Մելիան ընդդիմադիր գործընկերներից որոշների թեկնածությունն է առաջադրել։ Ըստ Մելիայի՝ բոլոր խնդիրների լուծման ճանապարհը բազմազանությունն է: Ինչպես նշում է նա, պատմության մեջ առաջին անգամ Թբիլիսիի տեղական ինքնակառավարման մարմիններում կլինի կոալիցիոն թիմ։
Հիշեցնենք, որ ՏԻմ ընտրությունները Վրաստանում անցկացվել էին հոկտեմբերի 2-ին։
Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր