Վրաստանի խորհրդարանի նախագահ Կախա Կուճավան հայտարարել է, որ չնայած դատարանի որոշմանը, ինքը պատրաստ է 2000 լարիի (մոտ 640 դոլար) չափով տուգանքի գումարը փոխանցել «Համերաշխության հիմնադրամին»:
«Թեև ընտրությունների օրը ընտրատեղամասում «Վրացական երազանքի» խորհրդանիշը պատկերող դիմակով մտնելը մեխանիկական սխալ էր և ուղղված չէր քարոզչությանը, դա օրենքի խախտում է, ինչը հաստատեց դատարանը և բանավոր նախազգուշացում արեց։ Սակայն ես ճիշտ եմ համարում, որ նշված իրավախախտման համար նախատեսված տուգանքը՝ 2000 լարին վճարեմ՝ այդ գումարը փոխանցելով «Համերաշխության հիմնադրամին»- սոցիալական ցանցում գրել է Կուճավան:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին Վրաստանում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին Կախա Կուճավան քվեարկության էր եկել դիմակով, որի վրա իշխող «Վրացական երազանք» կուսակցության խորհրդանիշն էր։ Թեև սա համարվել էր օրենքի խախտում, որի համար նախատեսվում է 2000 լարին տուգանք, սակայն դատարանը բավարարվել էր միայն բանավոր նախազգուշացում անելով։