Ռուսաստանը Վրաստանից տեղեկություն է պահանջում Թբիլիսիում Ռուսաստանի քաղաքացի Անաստասիա Շատալովայի սպանության վերաբերյալ: Այս մասին ասվում է Շվեյցարիայի դեսպանատան՝ Ռուսաստանի շահերի բաժնի պաշտոնական կայքում։ Նշվում է, որ հոկտեմբերի 19-ին պաշտոնական նամակ է ուղարկվել Վրաստանի արտաքին գործերի նախարարություն` հանցագործության մասին առկա տեղեկությունը ներկայացնելու պահանջով:
Բացի այդ, ռուսական կողմը պահանջում է անհրաժեշտ իրավական օգնություն՝ դիակը հնարավորինս արագ Անաստասիա Շատալովայի հորը հանձնելու համար: Ըստ Ռուսաստանի շահերի պաշտպանության բաժնի՝ հյուպատոսարանի աշխատակիցները մշտական կապ ունեն հանգուցյալի՝ այս պահին Թբիլիսիում գտնվող հոր հետ և Վրաստանի կառավարության հետ համատեղ ձեռնարկում են բոլոր միջոցները՝ Վրաստանում Շատալովայի հարազատների, այդ թվում նաև նրա Ռուսաստանի քաղաքացի անչափահաս որդու շահերը պաշտպանելու համար:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի քաղաքացի, 27-ամյա Անաստասիա Շատալովան սպանվել է հոկտեմբերի 18-ին, Թբիլիսիի «Գազափխուլիս» փողոցի վրա գտնվող բնակելի տան մոտ: Հոկտեմբերի 19-ին ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ հարուցվել է քրեական գործ՝ կանխամտածված սպանության հոդվածով, ձերբակալվել է երեք անձ: Հանցագործության դրդապատճառը դեռևս անհայտ է:
Նշենք նաև, որ 2008 թվականի Օգոստոսյան պատերազմից հետո, երբ Վրաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ, Շվեյցարիան հանդես եկավ որպես երկու երկրների միջնորդ և այս երկրի դեսպանատանը գործում է Ռուսաստանի պետական շահերի պաշտպանության բաժին:
Տաթևիկ Խոցանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր