Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան հանդիպել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ։ Հանդիպումից հետո Կոլոմինան հայտարարել է, որ Վրաստանի նախագահ Զուրաբիշվիլիի հետ քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցեր:
«Ինձ համար մեծ պատիվ էր հանդիպել Վրաստանի նախագահի հետ: Մենք խոսեցինք տարածաշրջանային անվտանգության մասին: Մենք փորձում ենք գտնել ուղիներ ՆԱՏՕ-Վրաստան գործընկերության ամրապնդման համար: ՆԱՏՕ-ն հավատարիմ է Վրաստանի եվրաատլանտյան նկրտումներին»,- թվիթերյան միկրոբլոգում գրել է Կոլոմինան:
Խավիեր Կոլոմինան նաև այցելել է օկուպացիոն գծի մոտ գտնվող Օձիսի գյուղ, որտեղ Վրաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիան և պետական անվտանգության ծառայության ներկայացուցիչները Խավիեր Կոլոմինային զեկուցել են օկուպացիոն գծի ներկայիս իրավիճակի և օկուպացված տարածքներում տիրող հումանիտար ծանր վիճակի մասին:
Խավիեր Կոլոմինան տարածաշրջանային շրջագայության շրջանակներում Վրաստանում էր երեկ։ Նա մինչև Վրաստան գալը եղել է Ադրբեջանում, իսկ Վրաստանից հետո կմեկնի Հայաստան:
Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր