Վրաստանում առաջին անգամ պաշտոնական այցով գտնվող Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան այցելել է օկուպացիոն գծի մոտ գտնվող Օձիսի գյուղ: Վրաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիան և պետական անվտանգության ծառայության ներկայացուցիչները Խավիեր Կոլոմինային զեկուցել են օկուպացիոն գծի ներկայիս իրավիճակի և օկուպացված տարածքներում տիրող հումանիտար ծանր վիճակի մասին:
Կոլոմինան կարևորել է ստացած տեղեկատվությունն ու նշել, որ միջադեպերի կանխարգելման մեխանիզմը և ԵՄ դիտորդական գործունությունը կարևոր դեր ունեն, և ՆԱՏՕ -ն ակտիվորեն վերահսկում և աջակցում է դրանց: Ըստ Կոլոմինայի, անհրաժեշտ է աջակցել իրավիճակի և միջազգային բանակցությունների կարգավորման բոլոր ջանքերին, իսկ Ժենևի քննարկումն այս առումով վճռորոշ նշանակություն ունի:
Խավիեր Կոլոմինան, որը նշանակվել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ 2021 թվականի սեպտեմբերին, իր առաջին երկօրյա այցը Վրաստան սկսեց հոկտեմբերի 19-ին: Կոլոմինան կհանդիպի Վրաստանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարների, վարչապետի, նախագահի և խորհրդարանի նախագահի հետ: Իսպանացի դիվանագետ Խավիեր Կոլոմինան, որը նախկինում զբաղեցնում էր ՆԱՏՕ-ում Իսպանիայի մշտական ներկայացուցչի տեղակալի պաշտոնը, գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի պաշտոնում փոխարինեց կանադացի Ջեյմս Ապատուրային:
Ժաննա Չոգանդարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր