«Միացյալ ազգային շարժում»-ը «Վարդերի հեղափոխության» կապակցությամբ շնորհավորել է Վրաստանի բնակչությանը: Ստորեւ ներկայացնում ենք կուսակցության կողմից տարածված հայտարարությունը ամբողջությամբ:
«Այսօր, Վրաստանի նորագույն պատմության ամենակարևոր իրադաձություններից հանդիսացող «Վարդերի հեղափոխության» 13-ամյակն է: «Վարդերի հեղափոխություն»-ը կոռուպցիայի և հանցագործության բարձր ցուցանիշ ունեցող Վրաստանին վերադարձրել է եվրոպական զարգացման հնարավորությանը: 2003 թվականի նոյեմբերի 23-ին հասարակությունը՝ Միխեիլ Սաակաշվիլիի և նրա թիմի առաջնորդությամբ հրաժարվել է կաշառքից, ԲՈՒՀ-երում «հաստատվելուց», կազմակերպված հանցավորությունից և բազմաթիվ այլ արատավոր երևույթներից, որոնք անկախության վերականգնումից հետո, ցավոք, դարձել էին մեր երկրի «այցեքարտ»-ը:
Ճանապարհը՝ «Վարդերի հեղափոխություն»-ից մինչ օրս, հեշտ չի եղել: Չնայած արտաքին ագրեսիային և ներքին դժվարություններին, Վրաստանը վիթխարի փոփոխություններ է իրականացրել: Եթե ոստիկանի կողմից կաշառք վերցնելը, կամ բարձրագույն ուսումնական հաստատություններում առանց կոռուպցիայի ընդգրկվելը ֆանտաստիկ էր համարվում՝ այժմ սա իրականություն է: Աշխարհի ամենակոռումպացված երկրներից համարվող Վրաստանը` բարեփոխումների տեսանկյունից առաջատարն էր: Անցյալին է հանձնվել էլեկտրաէներգիայի ժամանակացույցը և 90-ականներին բնորոշ խավարը: Պետական ծառայությունում պաշտոններ են զբաղեցրել երիտասարդներ, իսկ նրանց աշխատավարձը խորհրդանշականից դարձել է պատշաճ: Որակական թռիչք է գրանցվել երկրի ենթակառուցվածքներում: Արմատախիլ է արվել հանցագործությունը, մոռացության է տրվել այն ժամանակները, երբ երեկոյան զբոսնելը անվտանգ չէր:
Վրաստանը ամրապնդել է պաշտպանունակությունը, ստեղծել է բանակ և ոստիկանություն: «Վարդերի հեղափոխության» կարևորագույն ժառանգություններից է համարվում Ասլան Աբաշիձեի հանցագործ, ռուսամետ ռեժիմից Աջարիայի ազատագրումը: Հասարակության պատվերով իրականացված բարեփոխումները բարելավել են քաղաքացիների իրավիճակը, միևնույն ժամանակ երկիրը անուն է վաստակել միջազգային ասպարեզում: Վրաստանը դարձել էր կոռուպցիայի դեմ պայքարի և բարեփոխումների հոմանիշը: Վրաստանին լսում էին միջազգային քաղաքականության կարևորագույն դերակատարները, երկիրը ձեռք բերեց ՆԱՏՕ-ին անդամակցելու թեկնածուի կարգավիճակ եւ վերադարձավ Եվրոպայի քաղաքական քարտեզ:
«Վարդերի հեղափոխության» գախափարախոսությունը այսօր նույնպես ուժի մեջ է: Ճիշտ այս բարեփոխումների հետևանքով, պատմության մեջ առաջին անգամ, տեղի ունեցավ իշխանափոխություն՝ ընտրությունների ճանապարհով: Չնայած նրան, որ 2012 թվականից հետո, գրեթե բոլոր ոլորտներում անկում է գրանցվում, «Վարդերի հեղափոխության» ժառանգությունը այնքան ուժեղ է, որ Վրաստանը երբեք չի վերադառնա իր անցյալին: «Վարդերի հեղափոխության» բարեփոխումների հաջողության մասին է խոսում այն փաստը, որ չնայած վերը նշված անկման փաստերին, Վրաստանը միևնույն է տարածաշրջանում առաջատարն է ինստիտուցիոնալ կայունության և կոռուպցիայի ցածր ցուցանիշի տեսանկյունից:
«Վարդերի հեղափոխություն»-ը դրել է Վրաստանի պետականության եվրոպական զարգացման ամուր հիմքը: Խորապես համոզված ենք, որ Վրաստանը, ի վերջո, կհասնի բոլոր այն նպատակներին, որոնք կմիավորեն բոլորին՝ եվրոպական և Եվրատլանտյան լիարժեք անդամակցությանը, լիարժեք լիբերալ ժողովրդավարությանը և կվերականգնի տարածքային ամբողջականությունը: Հավատացած ենք նաև, որ մեր երկիրը կհասնի այն նպատակներին, որոնց «Վարդերի հեղափոխություն»-ից հետո չենք հասել: Դրանց թվում են լիովին անկախ դատարանը, հակակշիռների և զսպումների մեխանիզմերի առկայությունը»: