Վրաստանի Սամցխե-Ջավախեթիի շրջանում կարտոֆիլի բերքատվությունն այս տարի առատ է, իրացման խնդիրը, սակայն, դեռ՝ անլուծելի։
Կարտոֆիլի մշակումը լայն տարածում ունի Վրաստանի հայաբնակ շրջանում։ Ֆերմերները տարեց տարի ավելացնում են ցանքատարածքները, բարելավում կարտոֆիլի որակը, փորձում ամեն գնով ոռոգում ապահովել։
Անցած տարիների համեմատ այս տարի կարտոֆիլի շուկայական արժեքը բավականին բարձր է, սակայն արդյո՞ք սա կարտոֆիլ մշակողների համար բավարար պայման է այն իրացնելու։
«Գյուղատնտեսությամբ զբաղվում եմ դեռևս դպրոցական տարիքից․ նկատի ունեմ օգնում էի ընտանիքիս, այնուհետև ավելի մեծ հետաքրքրություն սկսեցի ցուցաբերել։ Աճեցնում եմ կարտոֆիլ և այլ մշակաբույսեր։ Այս տարի ավելի քան 5 հեկտար կարտոֆիլի ցանքատարածություն եմ մշակել։ Ճշգրիտ թիվ չեմ կարող նշել, թե որքան գումար եմ ներդրել, սակայն իրականում դա մեծ ծախսերի հետ է կապված։ Կարտոֆիլի ապահովագրություն, ցավոք, չեմ արել, ըստ իս, շատ քչերն են ապահովագրում իրենց դաշտերը, քանի որ դա գործընթաց է՝ կապված փաստաթղթերի, մեծ տնտեսություն ունենալու դեպքում նաև մեծ գումարների հետ», — «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նշեց Սարգիս Հակոբյանը։
23-ամյա Սարգիսը վստահեցնում է, որ պատրաստվում է իր ներդրումն ունենալ շրջանում այս ոլորտի զարգացման մեջ։ Նշում է՝ շրջանի կարտոֆիլը մեծ հեղինակություն ունի Վրաստանի շուկայում։
«Դեռևս ամբողջությամբ չենք հավաքել բերքը, բայց հաշվի առնելով փաստը, որ աշխատել ենք ամեն գնով ոռոգել դաշտերը, կարտոֆիլի որակը բավականին գոհացնող է։ Ակնկալում ենք ավելին մյուս դաշտերից։ Խնդիրն այս տարի բերքահավաքի ողջ ընթացքում անբարենպաստ եղանակն էր։ Իսկ իրացման խնդիրը նոր չէ, և թեև հիմա կարտոֆիլի գինը համեմատաբար բարձր է, սակայն դժվար է կանխատեսել թե որքան այն կպահպանվի», — հավելեց նա։
Կարտոֆիլի սպառման, կայուն շուկա գտնելու հարցը գլխավորն է, որ շարունակում է արդիական մնալ յուրաքանչյուր արտադրողի համար։
Կան անհատներ, ովքեր փորձում են հայրենի շրջանի բերքի իրացումը կազմակերպել, այլընտրանքային, կայուն շուկա գտնել՝ կարտոֆիլն արտահանելով։
«Ալիք մեդիան» զրուցել է ռուսաստանաբնակ ջավախքցի, 37-ամյա Աշոտ Նիկողոսյանի հետ, ով զբաղվում է շրջանի կարտոֆիլի Ռուսաստան արտահանմամբ։
«Արդեն 1 տարի է ինչ զբաղվում եմ այս գործով, երբ ստացա հատուկ թույլտվություն։ Կարող եմ ասել, որ Ջավախքի որակյալ կարտոֆիլը բավական մեծ պահանջարկ ունի արտասահմանում, ինչը ոգևորիչ է․ գնահատվում է գյուղացու աշխատանքը»,- ասում է Նիկողոսյանը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ սա դեռ չի նշանակում՝ շրջանի կարտոֆիլի իրացման հարցը լուծում է ստանում։
Նա նշում է, որ ՌԴ կարտոֆիլի արտահանումը բարդ գործընթաց է։
«Ունեմ ընկերներ, ովքեր ևս Վրաստանից կարտոֆիլ են արտահանում Ռուսաստան։ Նրանք ավելի վաղ են սկսել, սակայն, հաշվի առնելով փաստը, որ վերցնելով նմանօրինակ պատասխանատվություն, պետք է պատրաստ լինել կանգնել տարատեսակ խնդիրների առջև, շատ չէ նման գործունեությամբ զբաղվողների թիվը։ Վերոնշյալ խնդիրները կարող են կապված լինել և՛ փաստաթղթերի, և՛ ֆինանսական միջոցների հետ։ Ռուսաստան ներմուծելիս տարբեր տեսակի ստուգումներ է անցնում բերքը, դժվարություններին հիմնականում հնարավոր է հանդիպել Ռուսաստանի մաքսակետում», — ասաց Նիկողոսյանը։
Այս տարի ևս նա պատրաստվում է շարունակել կարտոֆիլի արտահանումը Ռուսաստան։ Կարծում է՝ բերքի ծավալները ցույց են տալիս, որ այս տարի ևս հնարավոր է ֆերմերները կանգնեն նույն խնդրի առաջ, ինչպես անցյալ տարի, երբ տոննաներով կարտոֆիլն ուղղակի փչացավ՝ Վրաստան ներկրված մեծ քանակությամբ կարտոֆիլի և սպառողի բացակայության պատճառով։
Տաթև Խոցանյան, «Ալիք Մեդիայի» ստաժոր