Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնական Ազատության հրապարակում այս րոպեներին մեկնարկում է երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ազատ արձակելու պահանջով ցույցը։ Տվյալ հատվածում երթևեկությունն արգելափակված է, հրապարակում բեմ է տեղադրվում, տեղադրվելու է նաև մոնիտոր: Տեղում են ընդդիմադիր «Միացյալ Ազգային շարժման» առաջնորդներն ու կողմնակիցները:
Տարածքում են գտնվում նաև իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, նկատվում են նաև ներքին գործերի նախարարության հատուկ ստորաբաժանումների տեղաշարժ։ Ավտոբուսներով տարածք են բերվել նաև հատուկ նշանակության ջոկատայիններ:
Նշենք, որ մինչ այս արդեն մի քանի միջադեպ է գրանցվել․ իշխող «Վրացական երազանք» կուսակցության ակտիվիստները ցախավելներ են նետել ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» կողմնակիցներին Ռուսթավիից Թբիլիսի տեղափոխող միկրոավտոբուսների վրա: Ակտիվիստներից մեկը փորձել է բարձրանալ կայանված միկրոավտոբուսի մեջ և հարվածել ուղևորներին:
Այսօրվա հանրահավաքի հետ կապված՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին բոլորին խաղաղության կոչ է արել, և ասել, որ այսօր հանգստություն է պետք։
Ղարիբաշվիլին նշել է, որ այժմ անհրաժեշտ է կենտրոնանալ գործի վրա․
«Ընտրություններն ավարտին հասցնելու համար մենք պետք է հանգիստ անցկացնենք երկրորդ փուլը: Թող բոլորը հաղթեն, թող մեր երկիրը հաղթի և շարունակի խաղաղ զարգացումը: Ես այլևս չեմ ուզում այդքան խոսել բանտարկյալի մասին: Բավական է, կարծում եմ, շատ հայտարարություններ են արվել, այժմ անհրաժեշտ է կենտրոնանալ գործի վրա»:
Նշենք, որ սոցիալական ցանցերում նույնպես ստորագրահավաք է կազմակերպվել «Ազատություն Միշային» խորագրով։
Միխեիլ Սաակաշվիլին էլ հայտարարել է, որ, եթե չկարողանա իր կյանքով փրկել երկիրը, ապա իր մահը փարոս կլինի ճանապարհի համար։
«Այսօր ես վրաց հասարակությանը չեմ տեսնում և իմ ձայնը կենդանի չի լսվում, և եթե ես չկարողանամ կյանքով փրկել իմ երկիրը, գուցե իմ մահը դեռևս փարոս լինի ճանապարհի համար: Ես դա ասում եմ առանց որևէ պաթոսի», — ասել է Վրաստանի երրորդ նախագահ Միխայիլ Սաակաշվիլին։
Հիշեցնենք, որ Սաակաշվիլին Վրաստանում կարևոր համարվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախորդ օրը հայտարարեց, թե Վրաստանում է, իսկ ավելի ուշ տեսանյութ հրապարակեց` նշելով, թե գտնվում է Բաթումիում:
Սակայն Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հաղորդեց, թե Սաակաշվիլին չի հատել Վրաստանի սահմանը, իսկ արդեն ուշ երեկոյան հայտնեցին նրա ձերբակալման մասին։
Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանը ղեկավարել է 2004-2013 թվականներին: 2013 -ի ընտրություններում պարտվելուց հետո նա լքել է երկիրը, ինչից հետո քաղաքական գործչի դեմ հարուցվել են մի շարք քրեական գործեր, նրա նկատմամբ հայտարարված է հետախուզում: Նա ութ տարուց ավելի է չի եղել Վրաստանում, սակայն բազմիցս խոսել է վերադարձի մասին։ 2015 -ին Սաակաշվիլին կորցրեց Վրաստանի քաղաքացիությունը և գրեթե վեց տարի Ուկրաինայի քաղաքացի է:
Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր