«Վրաստանի ազգային վիճակախաղի» գրասենյակից հայտնել են, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումները խթանելու նպատակով անցկացվող վիճակախաղի մեկնարկից մինչև այսօր գրանցվել է 4 868 շահում, իսկ շահումային ֆոնդը կազմել է՝ 760 հազար լարի (մոտ 240 506.33 դոլար):
Հարկ է նշել, որ բոլոր նրանք, ովքեր մինչ այժմ COVID-19-ի դեմ պատվաստվել են գոնե մեկ չափաբաժնով, ավտոմատ կերպով մասնակցում են ամենօրյա վիճակախաղին:
Շահողների հեռախոսահամարներին կուղարկվի համապատասխան հաղորդագրություն: Մինչև 1000 լարի շահումները հնարավոր է ստանալ «Վրաստանի ազգային վիճակախաղի» սպասարկման կենտրոններում: Խաղարկության արդյունքները ստուգելու համար կարող եք այցելել https://stopcov.lotto.ge/#/ կայք էջ:
Վրաստանում արդեն մեկ ամիս է ընթանում է կորոնավիրուսի դեմ պատվաստվածների համար իրականացվող «Պատվաստվիր և շահիր» խաղարկությունը, որի շրջանակներում ամեն օր խաղարկվում է 100-500 լարի (մոտ 32-159 դոլար), ամեն շաբաթ՝ 1 000 (մոտ 318 դոլար), 5 000 (մոտ 1592 դոլար) և 10 000 լարի (մոտ 3185 դոլար), իսկ դեկտեմբերի 31-ին կկայանա վերջնական խաղարկությունը` 100 000 լարիի չափով (մոտ 31 847 դոլար):
Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր