Բաթումիի քաղաքային դատարանում մայիսի 26 փողոցում շենքի փլուզման գործով ձերբակալված վերանորոգող վարպետը չի ընդունել առաջադրված մեղադրանքը։
«Ես չեմ հանել հենապատը, ամեն ինչում ինձ են մեղադրում»,- ասել է Հուսեյն Սուրմանիձեն։
Վերջինիս փաստաբանի խոսքով՝ դեռ վաղ է խոսել, թե որն է եղել փլուզման իրական պատճառը:
«Պարզ չէ, թե իրականում որն է շենքի փլուզման պատճառը: Աշխատակցի փոխանցմամբ՝ իրեն ասել են քանդել պատը, սկսել են աշխատանքները, հաջորդ օրն արդեն չեն կարողացել բացել դուռը, այնուհետև շենքը փլուզվել է»,- նշել է փաստաբան Մզիա Դիասամիձեն:
Բաթումիի քաղաքային դատարանը գործով մեղադրյալների խափանման միջոց է ընտրել կալանքը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին, ժամը 12:00-ի սահմաններում Բաթումիում՝ մայիսի 26-ի փողոցում փլուզվել է 13-րդ շենքը: Ինչպես հայտնել էինք ավելի վաղ՝ փրկարարներին հաջողվել էր փլատակներից դուրս բերել 10 մարդու, որոնցից 8-ն արդեն մահացած էին, մեկը մահացավ հոկտեմբերի 9-ին հիվանդանոցում, իսկ մի հոգի դեռ բժիշկների հսկողության տակ է։