Հոկտեմբերի 9-ին նշվում է թարգմանչաց տոնը, որը կապվում է հայոց գրերի գյուտի և Աստվածաշնչի թարգմանության հետ։
Տոնի առիթով Թբիլիսիի հայ համայնքը այցելեց Սուրբ Էջմիածին եկեղեցի, որտեղ անցկացվեց պատարագ` նվիրված թարգմանիչների հիշատակին և թարգմանչաց տոնին։ Այնուհետև նրանք այցելեցին Հովհաննես Թումանյանի տուն թանգարան, որտեղ հյուրընկալվել էին նաև ժամանակակից հայ բանաստեղծները և թարգմանիչները։
Թումանյանի տանը անցկացվեց թանգմանչաց տոնին նվիրված միջոցառում։ Ցերեկույթի կազմակերպիչները ներկայացրեցին օրվա խորհուրդը, ասմունքեցին հայ մեծ գրողների գործերը, հնչեցին հայերենից ռուսերեն, ռուսերենից հայերեն, հայերենից վրացերեն և վրացերենից հայերեն թարգմանություններ, եղան նաև երաժշտական կատարումներ։
«Մեզ համար անչափ ուրախալի է այն փաստը, որ երկարատև ընդմիջումից հետո վերջապես հնարավորություն ունեցանք Թումանյանի տանը հավաքվելու և գրողի մեր ամենասիրելի խոսքերը կրկնելու՝ «Բարի եկաք Թումանյանի տուն, բարի եկաք ձեր տուն», այսինքն մեզնից յուրաքանչյուրը այստեղ գալիս է, որպես իր հարազատ տուն։ Այս տունը ապրում է, շնչում է, նրա զարկերակը բաբախում է մեզնից յուրաքանչյուրի կրծքում և հյուրընկալվելով Թումանյանի օջախ` բոլորս մեզ զգում, որպես այս տան անբաժանելի մաս, այս տան անդամ» — «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է Հովհաննես Թումանյանի տուն կենտրոնի ղեկավար Գիսանե Հովսեփյանը։
Նյութը պատրաստեց «Ալիք Մեդիայի» կամավոր՝ ժաննա Չոգանդարյանը