Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին՝ Բաթումի քաղաքում շենքի փլուզման կապակցությամբ, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ:
Նախագահի աշխատակազմը տեղեկացնում է, որ Արմեն Սարգսյանն իր վշտակցությունն ու զորակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 8-ին Բաթումիում բնակելի շենք էր փլուզվել, որի հետևանքով, այս պահին դրությամբ, հայտնի է 9 զոհի մասին։
Ներքին գործերի նախարարությունը բնակելի շենքի փլուզման գործի հետաքննության շրջանակներում ձերբակալել է երեք քաղաքացու` առաջին հարկում գտնվող բնակարանի սեփականատիրոջը և նրա վարձած բանվորներին, նշվում է, որ հնարավոր է փլուզումը տեղի է ունեցել նրանց ոչ պատշաճ աշխատանքի հետևանքով։
Վարչապետ Ղարիբաշվիլիի որոշմամբ՝ հոկտեմբերի 11-ը Վրաստանում սգո օր է հայտարարված։