Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտնել է մայրաքաղաք Թբիլիսիի օրվա` Թբիլիսոբայի միջոցառման չեղարկման մասին։
«Ողբերգությունը, որը միավորեց ամբողջ երկիրը, ընդհանուր ցավ է բոլորի համար: Թբիլիսին այն քաղաքն է, որը բազմիցս ցույց է տվել անհրաժեշտության պահին օգնություն ցուցաբերելու իր կարողությունները»,-սոցիալական ցանցում գրել է Կախա Կալաձեն` հավելելով, որ այս դժվարին պահերին էլ Թբիլիսին կանգնած է Բաթումիի կողքին:
Կալաձեն հայտնել է, որ իրենց թիմի որոշմամբ` Թբիլիսոբան հեռուստատեսային ձևաչափով ևս չի նշվի, իսկ միջոցառման համար հատկացված գումարը կփոխանցվի Բաթումիում ողբերգության հետևանքով զոհված քաղաքացիների ընտանիքների օգնության հիմնադրամին։
Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ այս տարի մայրաքաղաքի տոնը նշվելու էր առանց հանրության ներկայության։ «Թբիլիսոբային» նվիրված միջոցառումների համար այս տարի պլանավորված էր հատկացնել 498 500 լարի (մոտ 158.5 հազար դոլար):
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բաթումիում նախօրեին բնակելի շենք էր փլուզվել, որի հետևանքով, այս պահին դրությամբ, հայտնի է 9 զոհի մասին։
Ներքին գործերի նախարարությունը բնակելի շենքի փլուզման գործի հետաքննության շրջանակներում ձերբակալել է երեք քաղաքացու` առաջին հարկում գտնվող բնակարանի սեփականատիրոջը և նրա վարձած բանվորներին, նշվում է, որ հնարավոր է փլուզումը տեղի է ունեցել նրանց ոչ պատշաճ աշխատանքի հետևանքով։
Վարչապետ Ղարիբաշվիլիի որոշմամբ՝ հոկտեմբերի 11-ը Վրաստանում սգո օր է հայտարարված։