Վրաստանի Առողջապահության նախարարի տեղակալ Թամար Գաբունիան հայտարարություն է տարածել կորոնավիրուսի վարակի դեմ պատվաստման՝ այսպես կոչված «բուստեր» դոզայի մասին։ Ըստ Գաբունիայի, երկրի իմունիզացիայի խորհուրդը հավանություն է տալիս կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի լրացուցիչ՝ Booster (խթանիչ) չափաբաժնի օգտագործմանը։
«Խորհուրդը հավանություն տվեց բուստերային դոզայի օգտագործմանը 50 տարեկանից բարձր անձանց համար, երկրորդ պատվաստումից 6 ամիս անց, ինչպես նաև քրոնիկ հիվանդություն ունեցող ցանկացած տարիքի և բարձր ռիսկի գոտում գտնվող անձանց և բժշկական անձնակազմի համար, ինչպես նաև նրանց համար, ովքեր աշխատում կամ ապրում են փակ հաստատություններում», — ասել է Գաբունիան:
Բացի այդ, ըստ Գաբունիայի, խորհուրդը արտերկիր մեկնող քաղաքացիներին թույլատրում է վերապատվաստվել տվյալ երկրի կողմից ընդունված պատվաստանյութով։ «Վերջերս մի շարք քաղաքացիներ դիմել են Առողջապահության նախարարություն` արտերկիր մեկնելու համար խնդրելով պատվաստել այնպիսի պատվաստանյութով, որը ճանաչված է ԵՄ-ում, ԱՄՆ-ում: Ուստի, այդ դոզաներով լրացուցիչ պատվաստումը նրանց համար կարևոր էր», — ասել է Գաբունիան։
Գաբունիան ընդգծել է նաև, որ համաձայն Հիվանդությունների վերահսկման ամերիկյան կենտրոնների առաջարկության՝ այլ պատվաստանյութով պատվաստումը թույլատրվում է առաջին պատվաստման ավարտից 28 օր հետո։ Նրա խոսքով, Վրաստանի դեպքում նույնպես կարելի է օգտագործել այս առաջարկությունը, թույլատրել այդ անձանց պատվաստվել նաև այն պատվաստանյութով, որը նրանցից խնդրել են ճանապարհորդության կամ գործնական նպատակների համար: Դա կարող է լինել Pfizer-ը կամ ցանկացած այլ պատվաստանյութ, որը ճանաչվում է մեկնման երկրում: